Փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ կմշակվի

Փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ կմշակվի

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 30-ին «Մոսկվայի տուն» մշակութագորածարարական կենտրոնում ներկա է գտնվել Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարվա ամփոփ հաշվետվությունն ու դպրոցական համակարգի ձեռքբերումները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է կրթության համակարգի հիմնական խնդիրներին, ներկայացրել իրավական և ծրագրային վերջին փոփոխությունները, դրանցից բխող հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարվեն առաջիկայում:

Ոլորտի հիմնական խնդիրներից նախարարն առանձնացրել է փոքր դպրոցների զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակումը: Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության 1390 դպրոցների 70 տոկոսը՝ ավելի քան 900 դպրոց ունի մինչև 300 աշակերտ. մասնավորապես 427 դպրոց ունի մինչև 100 աշակերտ, 527 դպրոց ունի 101-300 աշակերտ:

«Շատ մեծ խնդիր է փոքր թվաքանակ ունեցող դպրոցների հարցը: Պետք է հասկանանք, թե այդտեղ ինչ պետք է անենք: Ըստ էության` խնդրի լուծումը դեռ չունենք: Մեր դպրոցների զգալի հատվածը 300-ից քիչ աշակերտ ունի, և այդ երեխաները մեղավոր չեն, որ, ասենք, 3000 մ բարձրության վրա են ապրում: Մեխանիկական լուծում չենք կարող առաջարկել, այսինքն` փակել դպրոցը և բոլորին ավտոբուսով տեղափոխել մեկ այլ դպրոց: Մենք պարտավոր ենք նոր մեթոդներ մշակել, և հիմա համաշխարհային փորձն ենք ուսումնասիրում, քանի որ Կանադայում, ՌԴ-ի հյուսիսային շրջաններում նույնպես կան նման դպրոցներ և մենք պարտավոր ենք անել ամեն ինչ այդ կարգի դպրոցներում ևս բավարար կրթության որակ ապահովել»,- նշել է նախարարը:

Քննարկման ժամանակ առաջարկ է եղել օտար երկրներից վերադառնալու դեպքում կրթությունը նույն աստիճանում և համարժեք դասարանում շարունակելու հնարավորություն տալ՝ վերանայելով գործող կարգը: ԿԳ նախարարը՝ ի պատասխան բարձրացված հարցի նշել է, որ այստեղ իրականում կա խնդիր՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում սոցիալական գործոններով պայմանավորված կա ոչ միայն արտագաղթ, այլ նաև ներգաղթ. «Շատ դեպքերում, օրինակ ծնողները խուսափում են իրենց երեխաներին Ռուսաստանից տեղափոխել Հայաստան, քանի որ նրանք այստեղ տարի են կորցնում: Ես կարծում եմ, որ պետք է մտածենք մեր դպրոցներում օտար լեզվի բաղադրիչով կրթությունն ուժեղացնելու մասին, որպեսզի հնարավորինս շատ հայ երեխաների ներգրավենք հայաստանյան դպրոցներում",- նշել է նախարարը:

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ պետք է ունենանք ուժեղ և հզոր բնական գիտություն: Դրա համար պետք է առարկայացանկում ամրագրենք առաջնահերթություններ. ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն: «Սա անհրաժեշտ է մեզ, որ կարողանանք ունենալ մրցունակ քիմիկոս, կարողանանք աշխատեցնել մեր ատոմակայանը, մեր երկրի սահմանների ամրության համար ինքնուրույն ստեղծել անօդաչու թռչող սարքեր: Իսկ այս ամենի համար մենք պետք է սկսենք դպրոցում այս առարկաների իրավունքները հաստատել: Առարկայախմբի կարևորումը պետք է բխի երկրի առջև ծառացած խնդիրներից՝ հիմք հանդիսանալով դրանց լուծմանը», - իր խոսքում նշել է կրթության և գիտության նախարարը:

«Մենք պետք է ամրագրենք նաև հումանիտար և հայագիտական առարկաների պարտադիր ծավալը»,- ընդգծել է նախարարը:

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում: Նա նշել է, որ գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն:

«Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխադրության տեսքով: Սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում: Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել»,-ասել է կրթության նախարարը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---