Շտայնմայերը մերժել է Չավուշօղլուի պահանջը. Կառավարությունը չի հրաժարվի Ցեղասպանության բանաձևից

Շտայնմայերը մերժել է Չավուշօղլուի պահանջը. Կառավարությունը չի հրաժարվի Ցեղասպանության բանաձևից

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի պահանջը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե Բունդեսթագի պատգամավորները կկարողանան մուտք գործել Թուրքիայի տարածք` այցելել «Ինջիրլիք» ռազմակայան, եթե ԳԴՀ կառավարությունը մերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը:

«Ես որևէ կապ չեմ տեսնում և բազմիցս եմ ասել այդ մասին իմ թուրք գործընկերներին»,-պարզաբանել է Շտայնմայերը, հայտնում է Deutsche Welle-ն:

Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Շտայնմայերը նաև քողարկված ձևով սպառնացել է հրաժարվել մասնակցությունից ԻՊ դեմ պայքարին Թուրքիայի տարածքից միջազգային կոալիցիայի կազմում, եթե Անկարան շարունակի խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցելություններն «Ինջիրլիք» ռազմակայան, որտեղ տեղակայված են այդ թվում նաև գերմանական ինքնաթիռներ:

«Երբ Բունդեսթագը քննարկի Թուրքիայում գերմանացի զինծառայողների տեղակայման հարցը, համապատասխան կոմիտեների պատգամավորները պետք է հնարավորություն ունենան այցելելու ռազմակայան»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը ARD հեռուստաընկերության եթերում:

Անկարայում ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «այցելությունը կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից»: «Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը»,-ասել էր նա`հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում բանաձևին:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---