ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աշխատակիցներն ու ղեկավարները Սյունիքի մարզի Գորիս համայնքում մասնակցել են Հասրաթյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կազմակերպությունների կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, հնգամյա համագործակցության արդյունքում` Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել 134 ընտանիք: Սյունիքի մարզում ծրագրից օգտվել է 4 ընտանիք:

Հասրաթյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է բնակարանի մասին երազանքներով: Ընտանիքի հայրը՝ Վարդանը զինծառայող է: Աշխատանքի բերումով, նաև տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ապրել են վարձակալությամբ: Ընդ որում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Իջևանում, Ղափանում, Վայքում: 2002-ին նրանց հաջողվում է կիսակառույց-կիսաքանդ մի տարածք գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել և սեփական տանիք ունենալ՝ չեն կարողանում: «Ճակատագրի բերումով շատ տներում ենք բնակվել: Երեխաներս հասակ են առել առանց զգալու տուն ունենալու բերկրանքը: Աղջիկս արդեն ուսանող է: Տղաս ծառայում է բանակում, փոքր որդիս դեռ աշակերտ է: Հույս ունեմ, որ այլևս ստիպված չենք լինի տնից տուն տեղափոխվել: Հիմա, երբ մեր տարիների երազանքը իրականություն է դառնում, անպատմելի է դառնում իմ ուրախությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նազելին:

2016-ին բնակարանի խնդիրն անցյալում կմնա ծրագրի շահառու 41 ընտանիքի համար. 21 ընտանիք կավարտի կիսակառույց տան շինարարությունը, ևս 20-ը՝ կնորոգի և հետագա քայքայումից զերծ կպահի իր տունը: «Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում կամք և ժամանակ: Երբ մարդիկ զգում են, որ մենակ չեն՝ ավելի վստահ են հաղթահարում դժվարությունները: Այս ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինը՝ երևացողը, մարդկանց կյանքում դրական փոփոխություն ապահովելն է: Առավել կարևոր է երկրորդը՝ անտարբերությունը մերժելու ցանկությունը: Կյանքը պահանջում է բաց աչքերով նայել իրականությանը և համարժեք արձագանքել իրավիճակին: Եթե ցանկանում ենք լուծված տեսնել խնդիրները, պիտի սովորենք սրտացավ լինել և համախմբվել»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Շինարարական աշխատանքների համար ամենաեռանդուն շրջանն արդեն ավարտին է մոտենում և, ահա, գալիս է բերքահավաքի ժամանակը: Իրականում, մեր ծրագիրն էլ իր բերքահավաքն ունի, երբ արդեն վերջին աշխատանքներն են տարվում տարիներ ի վեր կիսակառույց ու ավարտուն լինելուց այնքան հեռու եղած տների վրա: Մոտենում է այն ժամանակը, երբ տունը, բառիս բուն իմաստով, գույներ է ստանում, դառնում է կենդանի և, ընտանիքն էլ, վերջապես, զգում է, որ այսքան տարիների անթեղված հույսը վերջապես իրականանում է: Մոտենում է ընտանիքների ամուր տանիք ունենալու ժամանակը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար 2016-ին հատկացրել է մոտ 105 մլն ՀՀ դրամ, 2015-ին՝ 100 մլն ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---