Ուրուգվայում սեպտեմբերի 2-ին Արցախին նվիրված համաժողով կանցկացվի

Ուրուգվայում սեպտեմբերի 2-ին Արցախին նվիրված համաժողով կանցկացվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Ուրուգվայում տեղի կունենա համաժողով` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին, հայտնում է Prensa Armenia-ն:

«Ղարաբաղին նվիրված համաժողովն Ուրուգվայում մի հարթակ է, որը կհամախմբի հասարակական գործիչների, գիտնականների և օրենսդիրների` նպաստելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշման առաջխաղացմանը»,-ասվում է համաժողովի կազմակերպումը նախաձեռնած Ուրուգվայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Համաժողովի մասնակիցները գիտական հոդվածներ կհրապարակեն, իսկ համաժողովի շրջանակում կմասնակցեն ԼՂ հիմնախնդրին նվիրված բանավեճին:

Համաժողովն անցկացվում է ՀՀ դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցի ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, որը կընթերցի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Համաժողովին կմասնացեն սենատորներ Ռաֆայել Միշելինին, Ռուբեն Մարտինես Ուելմոն, պատգամավոր Դանիել Ռադիոն (վերջին երկուսն ընդգրկված են Ադրբեջանի «սև ցուցակում»), պատգամավոր Սուսաննա Պերեյրան (նա որպես միջազգային դիտորդ ներկա է եղել ԼՂՀ նախագահի ընտրություններին), պատգամավոր Պաբլո Աբդալան, Ուրուգվայի ԱԳ նախկին փոխնախարար Բելելա Հերարան, պատմաբան Ժերարդո Կաետանոն և մարդու իրավունքների գծով փորձագետ Օսկար Լոպես Գոլդարացենան:

Ապրիլին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոան հայտարարել էր, որ Ուրուգվայը ուշադիր հետևում է դեպքերի զարգացմանը, պահպանելով զգուշավոր և հավասարակշռված դիրքորոշում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

Ապրիլի 13-ին Ուրուգվայի Ազատության հրապարակում բողոքի ցույց տեղի ունեցավ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Ցույցը տեղի է ունեցել ՀՅԴ և ՍԴՀԿ ավանդական կուսակցությունների նախաձեռնությամբ: Բազմաթիվ ուրուգվահայերի հետ մեկտեղ ցույցին մասնակցել է նաև Ուրուգվայի զբոսաշրջության հայազգի նախարար Լիլիան Քեշիշյանը:

Ապրիլի 5-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել ԼՂ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ` «կոչ անելով կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, վերջ դնել ռազմական գործողություններին, նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---