Այվազովսկու ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում 1 ամսում 150.000 այցելու է ունեցել

Այվազովսկու ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում 1 ամսում 150.000 այցելու է ունեցել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն մեկ ամսում 150.000 այցելու է ունեցել:

«Օգոստոսի 29-ի առավոտյան տվյալներով Այվազովոսկու ցուցահանդես այցելել է 147.383 մարդ»,- ասել են թանգարանից, ՌԻԱ Նովոաստիին հղումով գրում է Panorama.am-ը:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին: Օրական ցուցահանդես է այցելում միջինը 3-5000 մարդ: Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 20-ը:

Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Վալենտին Սերովի աշխատանքների ցուցադրությունը:

Մեծ ծովանկարիչը ստեղծել է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:

Այվազովսկու «Իններորդ ալիք» (1850) կտավն ընդգրկվել է արվեստի մասին միջազգային The Creative Business բլոգի աշխարհի 10 լավագույն կտավի ցանկում, որոնք պատկերում են փոթորկոտ ծովը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում աշխատանքները ներկայացված են Գերմանիայի, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---