Շտայնմայերը կողմ է, որ Ռուսաստանը վերադառնա G8

Շտայնմայերը կողմ է, որ Ռուսաստանը վերադառնա G8

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կողմ է, որ Ռուսաստանը վերադառնա G8, սակայն, համարում է, որ դա հնարավոր է միայն Դոնբասում և Սիրիայում իրավիճակների զգալի բարելավումից հետո: «G8 ձևաչափի վերականգնման բանալին Մոսկվայում է»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ըստ նրա, հակամարտությունները Սիրիայում և Ուկրաինայում վկայում են, որ Ռուսաստանին չի կարելի հեռացնել «աշխարհի խոշորագույն տնտեսությունների սերտ համագործակցությունից»:

«Երբ ի վերջո առաջընթաց կգրանցվի Ուկրաինայի արևելյան մասում և Սիրիայում հրադադարի շուրջ բանակցություններում, G7-ի մեր գործընկերներն, անշուշտ, պատրաստ կլինեն խոսել Մոսկվայի հետ»,-ասել է Շտայնմայերը:

Նա նշել է, որ ՌԴ հետ բանակցությունները ծանր են ընթանում, այն փաստը, որ Ղրիմում և Ուկրաինայում ՌԴ-ն խախտել է հիմնական եվրոպական սկզբունքները, ոչ ոք չի ժխտում: «Սակայն, հենց այս իրավիճակից է բխում, որ մենք պետք է շահագրգռված լինենք խուսափելու հետագա սրացումից և թափանցիկություն ապահովենք այնտեղ, որտեղ խախտված է վստահությունը: Սպառազինությունների վերահսկման ոլորտում վերագործարկումը ոչ թե զիջում է Ռուսաստանին, այլ բխում է Եվրոպայի շահերից»,-ասել է Շտայնմայերը:

ԳԴՀ ԱԳ նախարարի հայտարարությունը հնչել է ԵԱՀԿ կոնֆերանսի նախօրեին, որին մասնակցելու է 57 երկիր, այդ թվում ՌԴ-ն:

2014-ին ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանը դադարեց մասնակցել «մեծ ութնյակի» հանդիպումներին: Այն ժամանակ գագաթնաժողովը պետք է Սոչիում կայանար, սակայն, արդյունքում «յոթնյակի» հանդիպումն անցավ Բրյուսելում:

2016-ի ապրիլին ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ Մոսկվայի համար G8-ն անցյալում է` նշելով, որ այդ հարցը չկա օրակարգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---