Սուքիասյան. Չեխերի հետ խաղում հիմնականում փորձարկումներ էինք անում

Սուքիասյան. Չեխերի հետ խաղում հիմնականում փորձարկումներ էինք անում

PanARMENIAN.Net - Չեխերի հետ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքկանը հիմնականում փորձարկումներ էր անում: Այդպիսի հայտարարություն է արել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին` ավարտվելով 3:0 հաշվով` հօգուտ չեխերի:

Գլխավոր մարզիչը նշել է, որ առջևում Դանիայի հետ կարևոր խաղն է: «Իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում»,-ասել է Սուքիասյանը լրագրողներին:

«Չեխիան մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում»,-ասել է գլխավոր մարզիչը։

Նա նաև նշել է, որ թիմի խաղի վրա ազդել է նաև առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի` խաղադաշտից դուրս գալը, որը վնասվածք էր ստացել։ «Մխիթարյանը հարված ստացավ ոտքին, դեռ կտեսնենք», -ասել է Սուքիասյանը։

Հայաստան-Չեխիա հանդիպման 4-րդ րոպեին Լադիսլավ Կրեյչին բացեց հաշիվը, իսկ խաղակեսի վերջում աչքի ընկավ Վացլավ Կադլեցը։ Երկրորդ խաղակեսում չեխերին հաջողվեց երրորդ գնդակը խփել․ 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Յան Կոպիցը։

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---