Հավելյալ 1.2 մլրդ դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը

Հավելյալ 1.2 մլրդ դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը

PanARMENIAN.Net - Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1.2 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:

Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում:

Ճանապարհի կառուցումն ու հիմնանորորգումը սկսվել է 2014-ին: Ճանապարհի շինարարությունը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը 2013-ի դրամահավաքի արդյունքում գոյացած 22 մլն դոլարից 12-ը հատկացրել է հենց այս նպատակին: Սակայն հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը մամուլին հայտնել է, որ դեռ 20 մլն դոլար էլ անհրաժեշտ է՝ ծրագիրն ավարտելու համար:

2016-ի ապրիլին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել տրամադրել 1 մլրդ դրամ (ավելի քան 2 մլն դոլար)` ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վարդենիսյան հատվածի վերանորոգման համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը 2016-ի մայիսին հայտնել է, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ընդհանուր 116 կմ-ից արդեն 52 կմ ասֆալտապատ է, կսկսվեն ճանապարհի կահավորման աշխատանքները:Նա նշել է, որ մյուս հատվածի աշխատանքները կսկվեն այն ժամանակ, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի մոտ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթևեկելի հատվածը:

116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։

Ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---