ԱԳ փոխնախարար. Բաքվի դեստրուկտիվ քաղաքականությունն առաջին պլան է մղում ԼՂՀ ճանաչման հարցը

ԱԳ փոխնախարար. Բաքվի դեստրուկտիվ քաղաքականությունն առաջին պլան է մղում ԼՂՀ ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - 25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցել է, որ տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է: Այսպիսի հայտարարություն է արել արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում` շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է Tert.am-ը:

«Ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն հետ մղելու»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Շավարշ Քոչարյանի խոսքով՝ քսան տարուց ավելի տևած բանակցային գործընթացում Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունն արդեն ի հայտ է բերում կամ առաջին պլան է մղում ԼՂՀ-ի ճանաչման հարցը, որը կարող է արդյունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը:

«Սա այն պահն է, երբ ԼՂՀ-ն այդ ուղղությամբ աշխատում է, և դա նոր չէ, արդեն կան ճանաչման որոշումներ, սակայն դա նահանգների մակարդակ է, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, երկրներ դեռ չկան, սակայն այդ աշխատանքը կատարվում է, շատ կարևոր է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դիվանագիտական ձախողում չէ, որ այս տարիների ընթացքում որևէ պետություն չի ճանաչել ԼՂՀ-ն`փոխնախարարը պատասխանել է. «Այդպիսի խնդիր չի դրվել։ Խնդիրը հետևյալն էր. բանակցային գործընթաց, միջազգային ճանաչում, և այդ միջազգային ճանաչումը պայմանավորված էր բանակցային գործընթացով: Բայց Ադրբեջանի ձևավորած դեստրուկտիվ դիրքորոշումը հենց խոսում է այն մասին, որ այսօր պետք է շատ լրջորեն նույնիսկ վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է հողերի վերադարձի մասին խոսակցություններին, Շավարշ Քոչարյանը չգիտի, թե ով է խոսում այդ մասին, սակայն, վստահ է, որ այդպիսի խնդիր երբեք դրված չի եղել:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանում են ճիշտ ուղով` Շավարշ Քոչարյանն ասել է. «Միթե ձեզ համար ակնհայտ չէ՞, որ քսան տարի իրենց ասածները որևէ մեկնաբանության կարիք չունեն: Իրենք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, մի բան է խոսվում բանակցային սեղանի շուրջ, այլ բան՝ այլ տեղ, դրա համար մեկնաբանելու կարիք չկա: Ոչ թե պետք է մեկնաբանել, այլ սեփական գիծն առաջ տանել»,- ասել է նա:

Փոխնախարարը նշել է, որ պետերբուրգյան հանդիպումը շարունակությունն էր Վիեննայի հանդիպման, որոնց նպատակն այն է եղել, որ, քանի դեռ շփման գծում կան սադրանքներ, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարող առաջ ընթանալ:«Այդ ուղղությամբ չենք տեսնում արդյունք, իսկ արդյունք կլինի այն, որ իրոք համապատասխան մեխանիզմներ ներդրվեն, ընդլայնվի մոնիթորինգային խմբի կարողությունները և վերջ դրվի սադրանքներին»,- ասել է փոխնախարարը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---