Աշնան առաջին weekend-ը. Վերջին լողավազանային փարթին, ջազն ու նոր փաբերը

Աշնան առաջին weekend-ը. Վերջին լողավազանային փարթին, ջազն ու նոր փաբերը

PanARMENIAN.Net - Ամառն, ինչպես միշտ, անսպասելի ավարտվեց. վերջին հանգստացողները վերադարձան իրենց արձակուրդային ճամփորդություններից, սկսվեց ծանր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ուսումնական և աշխատանքային տարին, նույնիսկ հայաստանյան այրող արևն սկսեց զիջել իր դիրքերը:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է մի քանի տարբերակ աշնան առաջին weekend-ը հետաքրքիր դիմավորելու և հնարավոր աշնանային ընկճախտի դեմն առնելու համար:

Արևայրուք ստանալու վերջին հնարավորությունը

Քանի դեռ արևը վերջնականապես չի զիջել իր դիրքերը և շարունակում է այրել, առաջարկում ենք օգտվել առիթից և բաց չթողնել գեղեցիկ արևայրուք ստանալու վերջին հնարավորությունը կամ ամրապնդել ամառային արձակուրդների ընթացքում ձեռքբերված արդյունքները:

Այսպես, սեպտեմբերի 4-ին առաջարկում ենք գնալ ProLife Water Club-ի բացօթյա լողավազանում կայանալիք Last Pool Party միջոցառմանը, որի ընթացքում, ինչպես նշում են կազմակերպիչները, դիջեյները կապահովեն որակյալ երաժշտություն: Լողավազանը գտնվում է Armenian Royal Palace հյուրանոցային համալիրի տարածքում, Սիլիկյան թաղամասում: Միջոցառումը կսկսվի ժամը 12:00-ից և կշարունակվի մինչև 21:00, մուտքը՝ վճարով. տղաների համար 4000 դրամ, աղջիկների՝ 3000 դրամ նախապես գնելու դեպքում, իսկ հենց միջոցառման վայրից գնելու դեպքում տոմսերի արժեքը կկազմի 5000 դրամ:

Ավանում գործող Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի կամ, ինչպես ավելի հաճախ են ասում, ֆուտբոլի ակադեմիայի բացօթյա լողավազանը, թերևս, հայտնի է յուրաքանչյուր երևանաբնակին: Այն նախընտրում են թե՛ երիտասարդները ընկերական խմբերով հաճախելու համար, թե՛ ընտանեկան հանգիստը լողավազանում վայելել ցանկացողները: Քանի դեռ եղանակը թույլ է տալիս, առաջարկում ենք այցելել այնտեղ: Լողավազանը միշտ մարդաշատ է, սակայն բոլորի համար էլ գտնվում է տեղ, մուտքը՝ վճարով:

Քաղաքը ջազ է լսում և ոչ միայն

Սեպտեմբերի 3-ի երեկոյան Կասկադում գտնվող «Գաֆեսճյան արվեստի կենտրոնը» կազմակերպում է ջազի հատուկ երեկո՝ Վահագն Հայրապետյան տրիոյի մասնակցությամբ: Ջազի երեկոն կարող եք վայելել ժամը 20:00-ից սկսած, տոմսի արժեքն է 3000 դրամ: ԳԱԿ-ը տեղեկացնում է նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

Սեպտեմբերի 3-ին Process փաբում կլինի կենդանի երաժշտության երեկո, որի ընթացքում հանդես կգա Աղվան Պապոյանն իր բենդի հետ: Միջոցառումը կմեկնարկի ժամը 21:30-ից, մուտքավճարը կազմում է 1000 դրամ:

Սեպտեմբերի 4-ին Club 12 երաժշտական ակումբում հանդես կգա Sonet բենդը: Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիական և հայակական շանսոն, ինչպես նաև արգենտինական տանգո: Միջոցառումը կսկսվի ժամը 21:30-ից և կշարունակվի մինչև գիշերվա ժամը 01:00:

Փաբերը բացվում են և փակվում

Փաբային մշակույթը Հայաստանում սկսեց զարգանալ մի քանի տարի առաջ և շատ արագ ամրապնդեց իր դիրքերը: Երևանի կենտրոնական փողոցներում գրեթե ամեն քայլափոխին կարելի է հանդիպել որևէ փաբ, իսկ երբեմն էլ՝ մի քանիսը կողք կողքի: Սակայն այդպիսի մեծաթվությունը, կարծես, չի առաջացնում մրցակցության խնդիրներ. գրեթե միշտ բոլոր փաբերը լիքն են այցելուներով, իսկ նորերը բացվում են նախանձելի հաճախությամբ (ինչպես և փակվում են):

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում իրենց բացումը կնշի 2 փաբ՝ Fiction-ն ու Viking-ը: Fiction-ը կվերաբացվի, ինչպես խոստանում են կազմակերպիչները, հիմնովին թարմացված դիզայնով, բարելավված օդափոխությամբ և նոր ձայնային համակարգով:

Viking-ի բացումը կլինի ժամը 20:00-ին, ազատ մուտքի հետ մեկտեղ ամեն այցելուին խոստանում են նաև հյուրասիրել մեկ կոկտեյլով:

Կինոսերների համար

Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Երբ հանդարտվեն վերջին շոգերը, կինոսերների համար կսկսվի թեյով և փափուկ վերմակով փաթաթված՝ ֆիլմեր դիտելու սեզոնը:

Իսկ այժմ առաջարկում ենք հանգստյան օրերին այցելել «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Լուի Դրաքսի 9-րդ կյանքը» (The 9th Life of Louis Drax), «Ինը կյանք» (Nine Lives), «Շատ վատ մամաները» (Bad Moms), «Ամեն ինչ տղամարդկանց մասին» (Все о мужчинах), «Մեխանիկ. Վերածնունդ» (Mechanic: Resurrection), «Մի շնչիր» (Don't breathe), «Ինքնասպանների ջոկատը» (Suicide Squad), «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» (Secret life of pets), «3 շաբաթ Երևանում»:

CornPop բացօթյա կինոթատրոնում սեպտեմբերի 4-ին կարելի է դիտել The Intern ռոմանտիկ կատակերգությունը: Բաց երկնքի տակ ֆիլմի դիտումը կսկսվի ժամը 20:30-ին, տոմսի արժեքն է 2000 դրամ: Ի դեպ, CornPop-ը տեղափոխվել է Radisson Blu հյուրանոցի բացօթյա այգի:

Շոփինգ

Ամառային զեղչերն ավարտվել են, սակայն շոփինգի սիրահարները դեռևս հնարավորություն ունեն օգտվել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող որոշ խանութ-սրահների վերջին՝ հավելյալ զեղչերից: Այսպես, Accessorize, New Look, Bossini, Celio, Promod, F&F, Women'secret, Aldo, Baldi խանութներում դեռ կարելի է ձեռք բերել զեղչված տեսականին, որոշ խանութներ առաջարկում են 70% և ավել զեղչ: ‬‬‬‬ Հավելենք նաև, որ բոլոր խանութ-սրահները համալրվել են աշնանային նոր տեսականիով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---