Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո նոր ցուցանմուշներ կունենա

Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո նոր ցուցանմուշներ կունենա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջին հիմնանորոգումից հետո վերաբացվելու է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Այս մասին տեղեկացրել է տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նա նշել է, որ այս պահին մնացել է միայն վերջին ցուցասրահի կահավորումն ու ցուցադրության կազմակերպումը:

Սարյանի խոսքով, վերաբացվելուց հետո տուն-թանգարանում կլինեն նաև նոր ցուցանմուշներ, որոնք նախկինում պահոցներում էին գտնվում, գրում է Panorama.am-ը:

«Գեղանկարչական գործերը գրեթե բոլորը ցուցադրվում են, միայն գրաֆիկան է, որ բավական շատ է, չենք կարող ամեն ինչ ցուցադրել: Կցուցադրվեն մաս-մաս»,- ասել է թանգարանի տնօրենը:

2013թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. այն հիմնանորոգվում է: Տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967-ին: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:

Հիմնանորոգումից հետո թանգարանը չորս հարկով է լինելու՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է միջոցառումների, ժամանակավոր ցուցադրությունների, համերգների կազմակերպման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---