Գերմանահայերը վրդովված են Ցեղասպանության հարցում Բեռլինի դիրքորոշումից

Գերմանահայերը վրդովված են Ցեղասպանության հարցում Բեռլինի դիրքորոշումից

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը չի հրաժարվի Գերմանիայի Բունդեսթագի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից` միաժամանակ նկատելով, որ խորհրդարանի բանաձևը «իրավաբանորեն պարտավորեցնող չէ»: Այս տեսակետը խիստ քննադատության է արժանացել Գերմանիայի հայ համայքնում, գրում է Deutsche Welle-ն:

Մերկելը սեպտեմբերի 2-ի իր ելույթում ասել է, որ խորհրդարանական ցանկացած բանաձև չի կարելի «կատարման համար իրավաբանորեն պարտավորեցնող համարել», դրանք ուղղակի «քաղաքական հայտարարություններ են»: Նույն համատեքստում է արտահայտվել նաև Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Ավելի վաղ գերմանական «Շպիգել» հանդեսը գրել էր, որ ԳԴՀ մի շարք նախարարներ միասնական կարծիք են ձևավորել Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես ակնկալվում էր, Շտեֆեն Զայբերտը պետք է ելույթ ունենար լրագրողների առջև Գերմանիայի կառավարության անունից` բանաձևին չսատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ:

Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Սամուել Լուլուկյանը խստորեն քննադատել է Բեռլինի դիրքորոշումը: «Դա ամոթալի է և քաոսային. Ինչպե՞ս կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձևն իրավական պարտավորություններ չենթադրել»,-ասել է Լուլուկյանը Rheinische Post-ին թերթին տված հարցազրույցում` «բառախաղ» անվանելով դա:

Նույն տեսակետն է հայտնել նաև Գերմանա-հայկական ընկերակցության ներկայացուցիչ Րաֆֆի Քանթյանը: Բացի այդ, նա մտավախություն է հայտնել, որ այժմ ավելի քիչ կխոսվի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին, ինչը խորհուրդ էր տրվում Բունդեսթագի բանաձևում: Մինչ օրս, ըստ Rheinische Post-ի, այդ թեման արծարծվել է միայն Բրանդենբուրգի դաշնային շրջանի դպրոցներում:

Միչդեռ Թուրքիայի կառավարական շրջանակներում Բեռլինի պաշտոնական տեսակետը հավանության է արժանացել: «Դրական» ընկալման մասին է հայտարարել Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Ռեֆիկ Սողուկօղլուն: «Մենք գնահատում ենք Զայբերտի խոսքերն այն մասին, որ դատարանները, ոչ թե խորհրդարանը պետք է որոշեն, թե ինչ է ցեղասպանությունը»,-ասել է դիվանագետը:

Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---