«ԴիջիԹեք էքսպո» 2016-ին ավելի քան 170 ընկերություն կմասնակցի

«ԴիջիԹեք էքսպո» 2016-ին ավելի քան 170 ընկերություն կմասնակցի

PanARMENIAN.Net - 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը 2016-ին կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում:

Այս տարվա ցուցահանդեսին կներկայացվեն տեղական ընկերությունների տեխնոլոգիական այնպիսի լուծումներ և առաջարկներ, որոնք կարող են կիրառվել ռազմարդյունաբերության մեջ: Կներկայացվեն նաև ՏՏ ոլորտի նորարարությունները, հնարավորություններն ու զարգացման միտումները:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տառասյանը ցուցահանդեսը որակել է որպես տնտեսության զարգացման կարևորագույն գործոն՝ հավելելով, որ «ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին սպասում են տեղական և միջազգային շուկայի ավելի քան 170 ընկերություն և մոտ 60.000 այցելուի, գրում է Tert.am-ը:

«Սա մեծ հնարավորություն է երկրի վարկանիշի բարձրացման համար: Հնարավորություններ են ընձեռվում նոր կապեր ձեռքբերելու, ներդրումներ գրավելու»,-ասել է նա:

ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրել է, որ շատ ընկերություններ երկրի պաշտպանվածությունը բարձրացնելու նպատակով կիրառելի տեխնոլոգիաներ կներկայացնեն: Նա հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմից առաջ մրցույթ էր հայտարարվել և այս չորս ամսվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել:

«Այն աշխատանքները, որոնք գաղտնի են, իհարկե, չեն ցուցադրվի, բայց տարբեր հատվածներ, որոնք հիմք են ծառայել նոր զենք ու զինատեսակների զարգացմանը ՀՀ-ում, կցուցադրվեն»,-ասել է նա՝ հավելելով, որ Պաշտպանության նախարարության հետ համագործակցում են:

«Եթե նախկինում ՊՆ-ի հետ գործակցությունը չէր ստացվում, հիմա՝ ապրիլյան պատերազմից հետո, կարող ենք արձանագրել, որ նոր փոխնախարարի հետ համագործակցությունը շատ ինտենսիվ է»,- նկատել է Վարդանյանը։

ԻՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով՝ ցուցահանդեսին կլինի լուրջ միջազգային՝ ռուսական, գերմանական, ԱՄՆ, Թայվանի, հնդկական ընկերությունների ու կազմակերպությունների մասնակցություն:

Վարդանյանը նաև նշել է, որ ցուցահանդեսին լայնորեն ներկայացված կլինի «Արմատ» ինժեներական լաբորատորիան, որը 33 դպրոցում է ընդգրկված, իսկ նախատեսվում է թիվը 150-ի հասցնել:

ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանն ասել է, որ այս տարին իրենց համար հատուկ է, քանի որ առաջին տարին է, որ ներկա են լինելու նաև որպես շարժական կապի օպերատոր:

2016-ի ԴիջիԹեք էքսպոյի հիմնական բաժիններն են` Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, ծրագրային և վեբ լուծումներ, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար:

ԴիջիԹեքի շրջանակում այս տարի կանցկացվեն.

- «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:

- Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։

- Robofest ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող ավելի քան 140 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:

- «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:

- DigiLife սեմիարներ

ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև հետևյալ միջոցառումները.Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4, Հայաստանի ինտերտետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5,Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7

ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաև միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը:

Ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի մոտ 70 կազմակերպություն, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000-ին որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---