Լևոն Մնացականյան. Զորքերի պատրաստության որոշակի փոփոխություններ ենք իրականացնում

Լևոն Մնացականյան. Զորքերի պատրաստության որոշակի փոփոխություններ ենք իրականացնում

PanARMENIAN.Net - Արցախը ունեցել և շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ: Այդ մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Ապրիլյան գործողություններից հետո նորովի բացահայտեցինք և գնահատեցինք մեր ռազմարդյունաբերության ներուժը, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի անհրաժեշտ ուղղություններում», - ասել է ՊԲ հրամանատարը:

Լևոն Մնացականյանը ընդգծել է՝ ապրիլյան պատերազմում ՊՆ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները: «Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսեն՝ ՊԲ-ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև: Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր», - ասել է Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինման գործընթացին, ՊԲ հրամանատարի խոսքով, այն հսկողության տակ է: «Մենք հետևում ենք, թե ինչպիսի սպառազինություն է ձեռք բերում Ադրբեջանի ԶՈւ-ն, ինչ ուղղություններ է հնարավոր կիրառվի, դրանց բնութագրերն ինչպիսին են: Ըստ այդմ՝ մենք միջոցներ ենք ձեռնարկում, զորքերի պատրաստության որոշակի փոփոխություններ ենք իրականացնում», - ասել է Լևոն Մնացականյանը՝ նշելով, որ ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը նոր զինատեսակներ ձեռք չի բերել:

«Դրանից հետո նոր զինատեսակներ ձեռք չեն բերվել, ձեռք են բերվել նմուշներ՝ լրացնելու իրենց կորուստները, բայց ավելի հզոր միջոցներ դեռևս ձեռք չեն բերել», - ասել է ՊԲ հրամանատարը:

Սահմանին կուտակումներ չկան, հայկական զինուժը ուշադիր հետևում է հակառակորդի տեղաշարժին ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Եթե համեմատելու լինենք նախքան ապրիլյան գործողությունները և դրանից հետո՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններ, ներթափանցման փորձեր, զինատեսակների կիրառումներ, իհարկե, այժմ ծավալներով անհամեմատ քիչ է, այժմ հիմնականում կիրառվում են դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի հրացաններ և հրաձգային զենքեր», - ասել է Լևոն Մնացականյանը:

Ըստ ՊԲ հրամանատարի՝ ապրիլին Ադրբեջանը ձախողվել է, քանի որ հարձակման նման ծավալնրի դեպքում կատարել է մի փոքր ստորաբաժանման մարտական խնդիր: «Եթե դա գնահատենք ռազմական տեսանկյունից՝ ոչ այլ ինչ է, քան ձախողում. անցնել լայնածավալ հարձակման և ընդամենը տիրել մի քանի մետր խորության բոլոր ուղղություններում: Մենք հստակ գիտենք, որ իրենց կողմից կորուստները անհամեմատ շատ են, քան ներկայացվում են: Իրենց ԶԼՄ-ները հաղորդում են 30-ից քիչ ավելի կորուստ, բայց ադրբեջանական արտասահմանյան կայքերն արդեն ներկայացնում են 100-ից ավելի կորուստ: Մեզ մոտ չկա մի դեպք, որ ներկայացված չլինի, պարզաբանում տրված չլինի: Մարտական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 2-ից 5-ը, ՊԲ-ն տվել է 59 մարտական կորուստ, որն անհամեմատ քիչ է, քան ադրբեջանական կորուստները՝ հաշվի առնելով այն զինատեսակները, ծավալները, զինատեսակների կիրառման քանակը, էլիտար ստորաբաժանումները», - ասել է ՊԲ հրամանատարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---