ՀՀ-ն ու Մակաոն վերացնում են վիզային ռեժիմը. Համաձայնագիրը կմտնի ԱԺ մեծ օրակարգ

ՀՀ-ն ու Մակաոն վերացնում են վիզային ռեժիմը. Համաձայնագիրը կմտնի ԱԺ մեծ օրակարգ

PanARMENIAN.Net - ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 6-ին միաձայն հաստատել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը, որն էլ կմտնի ԱԺ մեծ օրակարգ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, թե փոխադարձ համաձայնության են եկել. առաջարկվում է մուտքի և ելքի ազատ ռեժիմ: Ըստ նրա՝ քաղաքացիները 265 օրվա ընթացում մինչև 90 օր լրանալը կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում և այլն, հարկավոր կլինի այլ թույլտվություն, գրում է Tert.am-ը:

Հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը նկատել է, որ Մակաոն հայտնի է որպես խաղատների բիզնեսով զարգացած տարածք և հարցրել, թե սա ենթադրում է արդյոք, որ ազատ մուտք ու ելք կլինի նաև Չինաստան:

Ի պատասխան հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ Չինաստան ազատ մուտք չի լինի, իսկ Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով:

«Մեր քաղաքացին հնարավորություն կունենա առանց նախապես վիզա ստանալու Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,- ասել է Արզումանյանը:

Թևան Պողոսյանը քվեարկությունից առաջ նշել է, թե ինքն այս նախագիծը դիտարկում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի հարց: Նախագծի միաձայն քվեարկությունն արձանագրվել է ժպիտով: Արսենյանը՝ կողմ քվեարկելով, հայտարարել է. «Բոլորս ենք կողմ»:

Հայաստանի ու Չինաստանի Մակաոյի հատուկ վարչական տարածքի՝ փոխադարձաբար վիզային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը Մակաոյում Հայաստանի կառավարության անունից ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։

Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Կարդացեք նաև՝ ԱԺ-ն հայտարարությամբ կդատապարտի Իրաքի եզդիների հանդեպ ցեղասպանությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---