Գինեգործության ֆրանսիացի մասնագետները Վայոց ձորում էին. Զեկույց կներկայացնեն

Գինեգործության ֆրանսիացի մասնագետները Վայոց ձորում էին. Զեկույց կներկայացնեն

PanARMENIAN.Net - Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հիմնադրամը սեպտեմբերի 6-ին ֆրանսիական հայտնի խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Derenoncourt consultance-ի խաղողագործի ու գինեգործի համար այց է կազմակերպել դեպի Վայոց ձոր:

Մասնագետները շրջեցին խաղողի այգիներով ու գինու գործարաններով տեղում հասկանալու համար՝ ինչ գործոններ են խոչնդոտում այս մարզում ստանալ գինի, որ միջազգային չափանիշներին ոչնչով չի զիջի:

Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Ղևոնդյանի խոսքով՝ խաղողագործ Էմանուել Ռամոնդը և գինեգործ Ժուլյեն Լավենուն հայրենիք վերադառնալուց հետո կկազմեն մանրամասն զեկույց ու կներկայացնեն՝ ինչ դիտողություններ ունեն, ինչ նոր մեթոդներ ու մեխանիզմներ տեղական արտադրողները կարող են գործի դնել որակյալ խաղող ու աշխարհում մրցունակ գինի արտադրելու համար: Այս խորհուրդները ուսումնասիրելով էլ Հիմնադրամը կշարունակի աշխատանքը տեղացի խաղողագործների ու գինեգործների հետ բարելավելու համար հայկական գինու որակը:

Ֆրանսիացի մասնագետները ֆերմերների համար արագացված վարպետության դաս անցկացրին՝ ինչպես է պետք ճիշտ էտել խաղողի վազերը, գինեգործական կենտրոնները ինչ տարաներով, գործիքներով ու տեխնիկական միջոցներով պետք է ապահոված լինեն, որքան է պետք ջրել որթերը՝ խորը արմատներ ու պինդ պտուղ ստանալու համար:

Շրջայցի վերջում էլ մասնագետները համտես անցկացրին ու փորձեցին այս տարածաշրջանում արտադրվող գինու մոտ 15 տեսակը: Արդեն տեսածն ու փորձածը ի մի բերելով՝ գինու ու խաղողի ֆրանսիացի գիտակները համամիտ են մի հարցում՝ Հայաստանի առավելությունն այն է, որ մենք ոչ թե ջերմոցներում, այլ բաց գրունտի վրա, արևի բնական ջերմությամբ խաղող ստանալու բացառիկ հնարավորություն ունենք, իսկ աշխարհում հենց այս մեթոդով աճեցված խաղողից ստացված գինին համարվում է լավագույններից մեկը: Այնպես որ, Հայաստանը ռեսուրս ունի, մնում է ճիշտ մեխանիզմ աշխատեցնել, Հայկական գինիներ ապրանքանիշը ստեղծել ու այն ճանաչելի դարձնել աշխարհով մեկ: Իսկ որակյալ գինով աչքի ընկնելը կարևոր է ոչ միայն տնտեսական առումով, այլև նրանով, որ Հայաստանը կդառնա թիրախային վայր զբոսաշրջիկների համար, որ գինու սիրահար են ու դրա պատմության հետքերով են գնում:

Կառավարության 2016-ի հունիսի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ՝ տվյալ ոլորտներում պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով:Հիմնադրամը գործում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ ու միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---