ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ռազմատեխնիկական գործակցության բանակցություններին

ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ռազմատեխնիկական գործակցության բանակցություններին

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-ից 9-ը Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանում է նաև ՀՀ ՊՆ մեկ այլ պատվիրակություն` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 6-11-ը Կուբինկա քաղաքում անցկացվող «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

ՀՀ ՊՆ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ «ՌՖԷԻ» ՊՈԱԿ-ի, «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ-ի եւ «Լուբավա-Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Նրանք ցուցահանդեսին ներկայացնում են վերոնշյալ ընկերությունների արտադրանքները:

Ռուսական «Իզվեստիա» թերթն օգոստոսի 16-ին «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը ինչ և Ադրբեջանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշված է, որ 200 միլիոնանոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին արդեն սկսվել է։

Փորձագետների կարծիքով խոսքը ծանր սպառազինության մասին է, որը զգալիորեն կուժեղացնի հայկական բանակը։ Սրա հետ մեկտեղ «Իզվեստիան» շեշտում է, որ թեև մատակարարումը սկսվել է, այդուամենայնիվ՝ զինատեսակների վերջնական ցուցակը դեռ համաձայնեցված չէ։ Թեև պաշտոնական Երևանը հրաժարվել է մանրամասնել թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, ռուսական թերթը գրում է, որ Հայաստանը մտադիր էր Ռուսաստանից գնել նախ և առաջ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգերը, «ԻԳԼԱ – ԷՍ» հրթիռային համակարգը, ռադիոտեխնիկական «Ավտոբազա ԷՄ» համակարգը, «Տիգր» զրահամեքենաներ։

Հուլիսի 18-ին ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում պահպանելու համար հավասարության սկզբունքը Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---