Վերնիսաժի տարածքի բարեկարգումը մտել է 2-րդ փուլ

Վերնիսաժի տարածքի բարեկարգումը մտել է 2-րդ փուլ

PanARMENIAN.Net - Երևանի Գլխավոր պողոտայի Վերնիսաժի տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների առաջին փուլը հիմնականում ավարտված է:

Այսօր արդեն Վերնիսաժի աշխատակիցներն իրենց գործունեությունը ծավալում են ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում: Առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտին զուգահեռ, արդեն իսկ մեկնարկել են նաև տարածքի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները, ինչի ավարտից հետո մոտ 20 տարվա պատմություն ունեցող Վերնիսաժը կդառնա Երևանի այցեքարտերից մեկն ու լիարժեք կներկայացնի քաղաքային այս մշակույթը:

Ներդրումային այս ծրագրի նպատակը՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Վերնիսաժի հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մոտ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, Վերնիսաժում հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

1980-ականների կեսերին Երևանում` ներկայիս Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, բաց երկնքի տակ ցուցահանդես բացվեց: Հիմնականում նկարներ էին ցուցադրվում և վաճառվում: Այն ստացավ «Վերնիսաժ» անվանումը, որ մատնացույց էր անում վերնիսաժային մշակույթի ձևավորումը Երևանում, հետագայում` ամբողջ Հայաստանում: Ժամանակի ընթացքում Վերնիսաժը բաժանվեց 2 մասի՝ նկարիչների մի մասը մնացել է Մարտիրոս Սարյանի այգում, մյուս արվեստագետների ու արհեստավորների համար էլ տեղ հատկացվեց Հանրապետության հրապարակին կից այգում:

Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, Հայաստանի լանդշաֆտների պատկերմամբ նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, փայտյա, կավե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիներից մնացած հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---