12 սեպտեմբերի 2016 - 11:26 AMT
Interfax. Սեյրան Օհանյանը կազատվի ՊՆ պաշտոնից և կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին սեպտմեբերի 11-ին հայտնել է Interfax գործակալությունը՝ ՀՀ կառավարության աղբյուրին հղումով:

«Շուտով Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», - ասել է գործակալության զրուցակիցը:

ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին` Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Բորդյուժայի խոսքով` նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու:

Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳԽ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարել է, թե կադրային փոխոխությունները շարունակվելու են ու լինելու են գրեթե բոլոր ոլորտներում՝ նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ:

«Մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն», - ասել է նա: