Armenia StartUp Cup 2016. Նոր հեռանկարներ, բիզնես մոդելներ Հայաստանի 12 քաղաքից

Armenia StartUp Cup 2016. Նոր հեռանկարներ, բիզնես մոդելներ Հայաստանի 12 քաղաքից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Երևանում արդեն 4-րդ անգամ մեկնարկել է ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնությունը: Մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցների ակտիվությունը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով, նոր աշխատատեղեր ստեղծել ստարտափների միջոցով, ինչպես նաև իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին:

Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է «Ինչպես կառուցել կենսունակ բիզնես մոդել» խորագիրը կրող երկօրյա սեմինարով (Extreme Build-A-Business Weekend), որի ընթացքում 40 խորհրդատու ու մենթոր Հայաստանից բիզնես ոլորտում ունեցած իրենց բազմամյա փորձն ու հարուստ գիտելիքը փոխանցեցին Երևանից նախապես ընտրված 100 ստարտափի:

Armenia StartUp Cup-ի կայացմանը զուգընթաց ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մասնակիցներ ոչ միայն Երևանից, այլև շրջանների քաղաքներից ու համայնքներից, ինչպես նաև Արցախից: Հաղթողի կոչման համար 2016-ին մրցում են ընդհանուր առմամբ 156 ստարտափ Հայաստանի 12 քաղաքից՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Դիլիջանից, Իջևանից, Նոյեմբերյանից, Արմավիրից, Արարատից, Սպիտակից, Թալինից, Վարդենիսից, նաև Ստեփանակերտից:

Առաջնության շրջանակում մրցող ձեռներեցները փորձառու ընտրող հանձնաժողովին ներկայացրին նորարարական բիզնես գաղափարներ՝ ուղղված ամպային տեխնոլոգիաների, մաքուր էներգիայի, էլեկտրոնային առևտրի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը: Խորհրդատվության միջոցով նրանք հնարավորություն ունեցան վերածելու դրանք գործուն բիզնես մոդելի շուկայի ներկայիս պահանջներին համապատասխան:

Երկօրյա միջոցառման ավարտին հայտարարվեցին լավագույն 25 նախագիծը:Հաշվի առնելով առաջարկված նախագծերի հետաքրքրությունն ու արդյունավետությունը՝ 15 նախագիծ ևս հնարավորություն ստացավ պայքարելու հաջորդ փուլում: Այսպիսով, Երևանից Extreme Build-A-Business միջոցառման հաղթող ճանաչվածների ընդհանուր քանակը 40 է: Ընտրված նախագծերի մեծ մասը նպատակ ունի խթանել ՏՏ, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության և առողջապահության ոլորտների արդյունավետությունը:

Մրցույթի մարզային փուլը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Դիլիջանում, իսկ եզրափակիչ փուլը՝ նոյեմբերի 15-ին Երևանում:

Հաղթող մասնակիցը որպես մրցանակ կստանա մինչև 1.500.000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություն և ծառայություններ: Հաղթողը նաև եզակի հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետության առաջին մրցանակակիրների հետ:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները որպես պարգև կստանան 1.000.000 և 500.000 ՀՀ դրամ ու ևս հնարավորություն կունենան ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին և իրենց բիզնեսը ներկայացնելու վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Միջոցառման կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:

«Armenia StartUp Cup ազգային առաջնության առաջնային նպատակն է մեր երկրում ավելի զարգացած բիզնես համայնքի ձևավորումը որակյալ վերապատրաստման միջոցով: Բաց լինելով ցանկացած բիզնես գաղափարի համար՝ այս կարևորագույն նախաձեռնությունը օգնում է բացահայտել և խթանել առկա ձեռներեցության ներուժը և դիրքավորել Հայաստանը միջազգային ասպարեզում: Առաջնությունը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, ինչն, անշուշտ, ողջունելի է: Մեզ համար մեծ պատիվ է լինել նման կարևոր միջոցառման կազմակերպիչը»,- նշել է միջոցառման կազմակերպիչ, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:

StartUp Cup-ը բիզնես-մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով:Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:

StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում: 2012թ.-ից ի վեր 208 մրցույթ իրականացվել է 72 երկրում, որին մասնակցել են 77.982 ձեռնարկատեր, ստեղծվել է 43.384 աշխատատեղ և արվել է 744.527.056 ԱՄՆ դոլարի չափով ներդրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---