«Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը՝ Արցախում

«Արցախ ԷթնոՖեստ» առաջին միջազգային փառատոնը՝ Արցախում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշակութային ինքնության պահպանման, ազգային և ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման, ինչպես նաև միջազգային գործակցության խթանման քաղաքականության շրջանակում սկսում է նոր ՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային նախագիծը:

«Արցախէթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում, տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը և կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն:

Առաջին անգամ փառատոնը կանցկացվի 2016թ. սեպտեմբերի 15-17-ը: Փառատոնը կունենա «Երկրի համը» անվանումը և կներկայացնի տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին կմասնակցեն ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից և իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի շրջանակում նրանք կպատրաստեն և հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում: Կներկայացվեն ֆրանսիական կրեպը, ռումինական մամալիգան, բրնձով պատրաստված կորեական ուտեստներ, սիրիական աղցաններ և արևելյան քաղցրավենիք, վրացական սացիվին, ինչպես նաև Արցախյան խոհանոցի այցեքարտ ժենգյալով հացը, կուրկուտը, ավանդական խորովածը: Փառատոնի օտարերկրացի մասնակիցների համար կկազմակերպվի ժենգյալով հացի թխման վարպետության դաս և մրցույթ: Միջոցառումը կուղեկցվի հետաքրքիր համերգային ծրագրերով:

Փառատոնին մասնակցության համար պետք է դիմել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ /047/ 73 43 88 hեռախոսահամարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---