Ժնևում կբացվի ահաբեկիչներին հասցվող հարվածների համակարգման ռուս-ամերիկյան կենտրոն

Ժնևում կբացվի ահաբեկիչներին հասցվող հարվածների համակարգման ռուս-ամերիկյան կենտրոն

PanARMENIAN.Net - Ժնևում կբացվի ահաբեկիչներին հարվածների համակարգման ռուս-ամերիկյան գործադիր կենտրոն: Ռազմական փորձագետները պետք է համաձայնեցնեն, թե որ ահաբեկչական խմբավորումներին հարվածներ կհասցվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, կենտրոնը պետք է աշխատի 7 օրվա ընթացքում պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո: Այսինք այն կբացվի մոտ օրերս Ժնևում, մեր ամերիկացի գործընկերների հետ համատեղ»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունն այն մասին, որ ՌԴ և ԱՄՆ միջև սեպտեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ավիահարվածներ կհասցվեն միայն «Ջեբհաթ ան Նուսրայի» դիրքերին, սակայն ոչ «Իսլամական պետությանը»` Գատիլովն ասել է. «Կոնկրետ առումով այդ հարցը պետք է համաձայնեցվի երկու երկրների փորձագետների միջև»:

«Եթե խոսելու լինենք Հալեպի մասին, ապա, որքան գիտեմ, այնտեղ հիմնականում «Ան Նուսրայի» գրոհայիններն են գործում: Սակայն սկզբունքորեն կա ընդհանուր ընկալում, որ ռազմական հարվածները ԻՊ-ին և «Ան Նուսրային» չեն դադարեցվում: Այդ կազմակերպություններն ընդգրկված են ՄԱԿ պատժամիջոցների ենթակա կազմակերպությունների ցանկում, ճանաչված են ահաբեկչական և նրանց վրա հրադադարի ռեժիմը չի տարածվում»,-ասել է նա:

Սեպտեմբերի 9-ին Ժնևում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու, ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---