Թուրքիան վերսկսել է մարտական գործողությունները Սիրիայում

Թուրքիան վերսկսել է մարտական գործողությունները Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են մարտական գործողությունները Սիրիայում` սկսելով «Եփրատի վահանը» գործողության երրորդ փուլը, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Haber 7-ի վրա հղումով:

Ավելի վաղ ռազմական գործողությունները դադարեցվել էին Ղուրբան բայրամի օրերին հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածության համաձայն:

«Եփրատի վահան» գործողության երրորդ փուլն ուղղված է Ալ Բաբ քաղաքի ազատագրմանը ահաբեկչական «Իսլամական պետությունից»:

Ըստ թերթի, Թուրքիայի զինված ուժերը հաուբիցների և ռմբակոծիչների մասնակցությամբ հարվածներ են հասցնում ԻՊ դիրքերին` սատարելով ցամաքային զորքերի գրոհին: Հարձակմանը մասնակցում է Թուրքիայի ԶՈւ 200 զինծառայող և Սիրիայի ազատ բանակի 2500 անդամ:

Գործողությանը մասնակցում է նաև ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի անդամ երկրների ավիացիան:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---