Տավուշում սկսվում է խաղողի մթերումը. Բերդի գործարանը կմթերի սահմանամերձ համայնքների ամբողջ բերքը

Տավուշում սկսվում է խաղողի մթերումը. Բերդի գործարանը կմթերի  սահմանամերձ համայնքների ամբողջ  բերքը

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը սպետեմբերի 16-ին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման սեզոնին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին հետևելու նպատակով:

Կարապետյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանում»:

Ընկերության արտադրական գծով տնօրեն Ռոբերտ Իսկանդարյանը տեղեկացրել է, որ 2016-ին գործարանը վերազինել են և ամբողջությամբ պատրաստ են ամենաուշը սեպտեմբերի 25-ից սկսել մթերման գործընթացը: Տավուշի մարզից կընդունեն այնքան խաղող, որքան առաջարկ կլինի, մթերման գինը 130 դրամ է:

Տնօրենի խոսքով` ընկերությունը գյուղացիներին պարտքեր չունի, անցյալ տարի մթերել են մոտ 830 տոննա խաղող, և մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել: Արտադրում են մոտ 28 տեսակ գինի, 10 անուն կոնյակ, ամենատարբեր մրգային և բանջարեղենային պահածոներ: Սպառումն իրականացվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանվում է: Այս տարի առավելությունը տրվել է արտաքին շուկային, հիմնականում արտադրանքն արտահանվել է Ռուսաստան և ԱՄՆ, ռուսական շուկայում ունեն նաև խոշոր առևտրային տների ցանց, որի միջոցով կազմակերպում են արտադրանքի իրացումը:

Այնուհետև Կարապետյանն ուղևորվել է «Երևանի կոնյակի գործարանի» Բերդի մասնաճյուղ: Այստեղ մթերման գործընթացը նախատեսում են սկսել սեպտեմբերի 20-ից, երբ խաղողը բավականաչափ հասունացած կլինի և կունենա անհրաժեշտ շաքարայնություն: Մասնաճյուղի կառավարիչ ԳարիկՎարդանյանը վստահեցնում է` պատրաստ են մթերել տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ամբողջ բերքը:

Մթերման գինը 130 դրամ է, պահանջը մեկն է` խաղողը պետք է լինի որակյալ և համապատասխանի կոնյակի գինենյութի համար սահմանված չափորոշիչներին: 2015-ին մթերել են մոտ 5100 տոննա խաղող: Շուրջ 850 պայմանագրեր ունեն խոշոր խաղողագործների և գյուղացիական տնտեսությունների հետ, վճարումները կատարում են բերքն ընդունելուց հետո` 3-4 բանկային օրերի ընթացքում: Այս տարի ընկերությունը նաև ձեռք է բերել նոր մամլիչ, ինչը հնարավորություն կտա ավելացնել խաղողի ընդունման օրական քանակությունը և խուսափել հերթերից ու կուտակումներից:

Այցի հաջորդ կանգառը «Էկոգարդեն» ՍՊԸ-ում, որտեղ զբաղվում են մրգահյութերի, կոմպոտների, ջեմերի, բանջարեղենային ամենատարբեր պահածոների արտադրությամբ: Ընկերության տեխնոլոգ Հայկ Պետրոսյանի խոսքով` այս պահին աշխատում են ամբողջ հզորությամբ, արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, ներքին շուկայում պահանջարկ ունենալու դեպքում` պատրաստ են համագործակցել: Ապահովում են մոտ 60 աշխատատեղ սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ և Այգեձոր գյուղերի բնակիչների համար:

«Տավուշի մարզի վերամշակող ընկերությունները պատրաստ են խաղողի մթերման սեզոնի մեկնարկին, ուստի սեպտեմբերի 20-ից կսկսեն մթերումներ իրականացնել և պատրաստակամ են մարզից մթերել անսահմանափակ քանակությամբ բերք»,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է Սերգո Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով` Տավուշի մարզում վերջին երկու տարիներին գյուղատնտեսության ոլորտում էական առաջընթաց է արձանագրվել: Մասնավորապես պակասել են չմշակվող հողատեսքերը. անցյալ տարի այստեղ մշակվել է լրացուցիչ 1000, այս տարի` շուրջ 300 հեկտար հող, և ակնկալվում է, որ բոլոր ցուցանիշներով 2016 թվականին նույնպես կունենանք աճի դրական դինամիկա: Նա նշել է, որ մարզի հիմնական խնդիրը որոշ համայնքներում հակակարկտային կայանների բացակայությունն է, որը լուծելու ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն:

Սերգո Կարապետյանն այցի ավարտին եղել է Այգեձոր և Վերին Ծաղկավան համայնքներում, շրջել խաղողի այգիներում, զրուցել խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և հավաստիացրել , որ խաղողն ամբողջությամբ կմթերվի ու վճարումները ժամանակին կկատարվեն:

2015-ին Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում բոլոր տարաները լցված են եղել, խաղող ընդունելու հնարավորություններ չկային: Հոկտեմբերի 8-ին Արծվաբերդի, Չինարիի, Այգեձորի, Տավուշի, Պառավաքարի խաղողագործները մինչև գիշերվա ժամը 1-ը Բերդ քաղաքում խաղող են հանձնել:Ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի ՝իրենք պետք է ընդունեին 4.100 տոննա խաղող, սակայն ընդունել են իրենց համար ռեկորդային քանակության՝ 5.078 տոննա խաղող: Բերդի տարածաշրջանում խաղողի ամբողջ բերքն արդեն հավաքված է: Բերդի մասնաճյուղում խաղողի դիմաց գումարը փոխանցվում է 3 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---