ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է գազի և էլէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը

ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է գազի և էլէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) արդեն սկսել է ուսումնասիրել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հնարավորությունը»: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը:

«Հանձնաժողովն այսօրվանից սկսել է ներքին քննարկումները, որոնք ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությունն իրագործելու համար համապատասխան մեխանիզմներ մշակելու ուղղությամբ», - ասել է Սողոմոնյանը։

Նորանշանակ վարչապետ Կարեն կարապետյանը, ով մոտ տասը տարի ղեկավարել է «ՀայՌուսգազարդ»-ը, երեկ առաջին հանձնարարականը տվեց՝ վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը, այն մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար՝ ի հաշիվ այլ սպառողների:

Սակագնային քաղաքականության վերանայման հարցերը քննարկվում են նաև էներգետիկայի և սոցապ նախարարություններում, թե երբ դրանք կավարտվեն, կամ երբ հայտնի կդառնան արդյունքները, դեռ պարզ չէ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանն ասել է՝ ժամկետներ դեռ չեն նշի:

«Սեպտեմբերի 15-ի կառավարության նիստից անմիջապես հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանձնարարականներ է տվել համապատասխան վարչություններին, իսկ այսօր համատեղ քննարկումներ են եղել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, այսինքն, այս պահի դրությամբ, վարչապետի հանձնարարականի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են», - ասել է Դանիելյանը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ դեռ վաղ է խոսել, թե ինչքան կարող է նվազել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը:

Հարցին, թե ռուսական կողմը և՞ս պետք է դրանում մասնակցություն ունենա, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանել է. - «Մոտեցումները նայած թե ինչ ձևով են։ Դա գլոբալ մոտեցում է: Եթե սահմանի հետ կապված խնդիր է, սահմանի վրա, ինձ թվում է, որ ռուսական կողմը մասնակցություն կունենա։ Ինձ թվում է, որ դա մեր ներքին՝ սահմանից հետո գազի մատակարարման խնդիրն է, իմ կարծիքով»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---