Սեպտեմբերի 19-ին մոտ 160 երեխա մարզերից ու ԼՂՀ-ից կայցելի Երևանի մշակութային կենտրոններ

Սեպտեմբերի 19-ին մոտ 160 երեխա մարզերից ու ԼՂՀ-ից կայցելի Երևանի մշակութային կենտրոններ

PanARMENIAN.Net - Մեկնարկում է ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի նոր փուլը` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:

Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչություն պետ Արմինե Խաչատրյանը հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է ԼՂՀ, ՀՀ մարզերից և սահմանապահ համայնքներից դպրոցական երեխաների գիտամշակութային այցելություն մայրաքաղաքի մշակութային օջախներ:

«Շուրջ 160 երեխա սեպտեմբերի 19-ին կայցելի Երևան: Սրան նախորդող փուլը ՝ մայիս-հունիս ամիսներին, շատ հաջող ընթացավ: Միտված ենք ծրագիրը դարձնել շարունակական: Այս տարի ապրիլյան պատերազմից հետո ծրագրում ընդգրկվեցին նաև Արցախի երեխաները` մասնավորապես Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս համայնքներից»,-տեղեկացրել է Խաչատրյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ պարբերաբար միանում են սիրիահայ երեխաներն ու Երևանի հանրակրթական դպրոցների երեխաները:

Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ ընդգծել է, որ այս ծրագիրը գիտաճանաչողական նշանակություն ունի. «Երեխաներն այցելում են մայրաքաղաք, մշակութային օջախներում ներկա են գտվում տարբեր միջոցառումների: Ծրագիրն այնպես է կազմվել, որպեսզի մշակույթի տարբեր բնագավառներին երեխաները մասնակից դառնան՝թատրոն, թանգարան, համերգային ծրագրեր և այցելություններ տեսարժան վայրեր»:

Մանասյանն ասել է, որ մինչ այցելությունները, երեխաների համար պատրաստում են մի փոքր սոցիոլոգիական հետազոտություն. «Բաժանում ենք հարցաթերթիկներ, որտեղ կա նաև հետևյալ հարցը՝ թե որտե՞ղ կցանկանան մայրաքաղաքում լինել: Եվ հետագա բոլոր ծրագրերը կազմում ենք ըստ այդ հետազոտությունների: Օրինակ կենդանաբանական այգին կապ չունի, բայց քանի որ երեխաները գրել են, դա էլ ենք ներառել»:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը հավելեց նաև, որ օրինակ, եթե երեխանները պետք է դիտեն «Անուշ» օպերան, մինչ ներկայացումը երեխաները ճանաչողական զբոսանք են կատարում Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով, ծանոթանում գրիմանոցներին, տեսնում թե որտեղ են պատրաստվում դերասանները, ծանոթանում են բեմի հետևում կատարվող իրադարձություններին:

ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2015-ին։ Այն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---