Գաֆէսճեանում ցուցադրվելու են Մինաս Ավետիսյանի, Գալստյանի և Հովհաննիսյանի գործերը

Գաֆէսճեանում ցուցադրվելու են Մինաս Ավետիսյանի, Գալստյանի և Հովհաննիսյանի գործերը

PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի 3-րդ ցուցադրության բացումը: Այն ներկայացնում է ընտրանի կոլեկցիոներ Բորիս Գալստյանի հավաքածուիցստեղծագործությունները. մասնավորապես, ցուցադրվելու են Մինաս Ավետիսյանի (1928-1975), Վրույր Գալստյանի (1924-1996) և Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտ, 1929-1997) աշխատանքները:

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3՝ Բորիս Գալստյանի հավաքածու. Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրագործում է իր կարևոր առաքելություններից մեկը՝ ներկայացնել աշխարհին հայ մշակույթի լավագույնը: Կոլեկցիոներ Բորիս Գալստյանի ամբողջ հավաքածուի ժամանակագրականը բավական ընդարձակ է, սակայն նա հատկապես համակրում է 1960-1970-ականների հայ կերպարվեստին՝ կենտրոնանալով խորհրդահայ Ազգային մոդեռնիզմի արվեստագետների աշխատանքների վրա:

Մինասի, Վրույրի և Դեղձ Աշոտի անունները հստակ եզրագծում են «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երրորդ ցուցադրության սահմանները՝ թե՛ ժամանակագրական, և թե՛ գեղարվեստական: Ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում առանձին-առանձին բացահայտելու երեք արվեստագետների բազմաշերտ գեղագիտական մտածողությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կտավներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում:

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցադրությունների շարքը մեկնարկեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2012թ.-ին՝ նպատակ ունենալով բացահայտելու երևանաբնակ կոլեկցիոներներին և նրանց արվեստի հավաքածուները: Համոզված եմ, որ այս շարքի երրորդ ցուցադրությունը հրաշալի հնարավորություն կընձեռի հայաստանյան և օտարերկրյա արվեստասեր հանրությանը՝ նորովի բացահայտելու հայ արվեստի երախտավորներին, ինչպես նաև գնահատելու երևանյան կոլեկցիոներների նվիրումն ու մեծահոգությունը»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ցուցադրությունը գործելու է սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 25-ը: Հանրային բացումը կլինի սեպտեմբերի 23-ին: Մուտքն անվճար է:

2009-ի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1.000.000:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---