Իրանի դեսպան. Իրանի հնարավորություններն օգտագործելու դեպքում ՀՀ մեծ տնտեսական ակտիվություն կմտնի

Իրանի դեսպան. Իրանի հնարավորություններն օգտագործելու դեպքում ՀՀ մեծ տնտեսական ակտիվություն կմտնի

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է փորձի դերակատարությունն ավելի բարձրացնել Իրանի և ԵՏՄ երկրների շուկաներում և վերացնի առկա խոչընդոտները՝ որպես ԵՏՄ անդամ երկիր: Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը «Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հայաստանի դերակատարությանը ԵՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակում, հայտնում է Tert.am-ը:

Դեսպանը նշել է, որ Իրանի հետ տարբեր ոլորտներում հնարավոր է համագործակցել, քանի որ Իրանը մեծ երկիր է, ունի 80 միլիոն բնակչություն, բազմաթիվ հնարավորություններ, մեծ պոտենցիալ:

«Եթե Իրանի այս հնարավորությունն օգտագործվի, ես կարծում եմ, որ մեծ տնտեսական ակտիվություն կմտնի տնտեսական ոլորտում, բարենպաստ պայմաններ կստեղծվեն և հնարավորություններ կընձեռվեն Հայաստանին՝ հաշվի առնելով Իրանի խոշոր և զարգացած տնտեսությունը»,- ասել է նա և թվարկել, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և իրենք մեծ ուշադրություն են դարձնում Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրանական գազի ծավալների ավելացմանը, ապա դեսպանը նշել է. «ՀՀ-ն լուրջ ուշադրության կենտրոնում է եղել Իրանի կողմից և վերջերս խնդիր էր առաջացել գազի ծավալների հետ կապված, և Իրանը իր նպաստը բերեց այդ հարցում և փորձեց Հայաստան մատակարարող գազի ծավալն ավելացնել: Առաջիկայում նախատեսվում է Իրանի նախարարի այցը Հայաստան և կարծում եմ այս հարցի շուրջ կբանակցեն: Այն, ինչը Հայաստանի համար կլինի օգտակար և բարենպաստ, կփորձենք Իրանի կառավարության ուշադրության կենտրոնում պահել։ Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասել է նա:

Սեպտեմբերի 18-ին Թեհրանում կայացել են ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Քննարկվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Ավելի վաղ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին հայտարարել էր. «Մենք զարգացնում ենք բոլոր երկաթուղային ճանապարհները Ռեշտից Զինջան ու Թավրիզ: Այդ երկաթուղին կմիացնի քաղաքները Թուրքիայի, Հայաստանի և Նախիջևանի հետ»:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---