Թումո ամառային ճամբարին 178 պատանի է մասնակցել՝ 20 երկրից

Թումո ամառային ճամբարին 178 պատանի է մասնակցել՝ 20 երկրից

PanARMENIAN.Net - Արդեն չորորդ տարին է, ինչ ամբողջ աշխարհից Հայաստանում հավաքված պատանիներ մասնակցում են Թումո ամառային ճամբարին: 2016-ին ճամբարին մասնակցել է 178 պատանի Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ընդհանուր առմամաբ 20 երկրից` ներառյալ Հայաստանը:

Ճամբարի 12-18 տարեկան մասնակիցները Երևանում անցկացրել են մեկից մինչև վեց շաբաթ ու մասնակցել Թումոյի կրթական ծրագրին` ստանալով հմտություններ ֆիլմարտադրության, անիմացիայի, կայքերի մշակման, խաղերի ստեղծման ու բազմաթիվ այլ բնագավառներում: Ճամբարականները նաև պտտվել են Հայաստանի տարբեր անկյուններով, թանգարաններ այցելեցին ու մասնակցեցին ընկերական սպորտային մրցումների: 2016-ին ճամբարի վեց շաբաթներին մասնակցած երեք պատանին ամեն շաբաթ ձեռք բերեցին ավելի խորը հմտություններ ու փորձ ընտրված ոլորտներում:

Հայաստանի տարբեր շրջաններից եկած ուսանողների համար ճամբարը հիանալի հնարավորություն էր օգտվել Թումոյի կրթական համակարգից: Սակայն իրենց ձեռքբերածը չսահմանափակվեց այդ մեկ կամ մի քանի շաբաթներով: Ալավերդիից 15 տարեկան Սոնա Շահվերդյանը ճամբարի ընթացքում կենտրոնացավ լուսանկարչության և 3D մոդելավորման վրա, բայց իր ստացածը միայն դա չէր. «Թումոն ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է շարունակել սովորել: Դա մշտական ընթացք է, ու դու երբեք չես ունենա բավարար գիտելիքներ, ուղղակի պիտի պատրաստ լինես ավելին սովորել»: Սոնան ու Հայաստանի ու Արցախի շրջանների մնացած ճամբարականները մասնակցեցին Թումոյի կրթական ծրագրին մի շարք անձանց ու կազմակերպությունների շնորհիվ: Դրանցից էին Իրեն Գյուլնազարյանի անվան կրթական հիմնադրամը, HSBC բանկը, Ինգո Արմենիան, IDeA հիմնադրամը և այլ հովանավորներ:

Այս նվիրատվությունների արդյունքում ճամբարին մասնակցեց 43 պատանի: Հովանավորված պատանիները ոչ միայն Հայաստանից էին: Սփյուռքի մի շարք անձիք ու կազմակերպությունները դրամահավաքներ կազմակերպեցին, որոնց արդյունքում Հայաստան և Թումո եկան նաև ուսանողներ Եգիպտոսից, Ստամբուլից և Կալկաթայից:

Բոստոնցի 16 տարեկան Արամ Ֆեստեկջյանը ճամբարին մասնակցեց երեք շաբաթ ու կենտրոնացավ նկարչության և ռոբոտաշինության վրա: «Թումոյում անցկացրած երեք շաբաթները իսկապես լայնացրին իմ պատկերացումները: Առաջ ինձ թվում էր, որ նկարելը միայն թուղթ ու մատիտով է լինում: Նկարչական պլանշետին ծանոթանալուց հետո իմ պատկերացումները մասին փոխվեցին»:

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին հնարավորություն է տալիս հմտանալ արվեստի և տեխնոլոգիաների լավագույն ու ամենավերջին ոլորտներում: Ներկայումս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում է չորս կենտրոն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---