Եվրոպայի հայերի համագումարի ուղերձը. Ապագայի տեսլական, բացթողումներ, անկախության արժեք

Եվրոպայի հայերի համագումարի ուղերձը. Ապագայի տեսլական, բացթողումներ, անկախության արժեք

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ:

«Անկախության 25-ամյակը որպես մեկ քառորդ դար ժամանակաշրժան ունի խորհրդավոր նշանակություն: Ավարտվում է նորանկախ պատմության մի արժանահիշատակ ժամանակաշրջան և սկսվում մի նոր փուլ: Այս նոր փուլի շեմին բնականաբար պահանջվում է անցնող անկախ պետականության 25-ամյա ժամանակաշրջանի նկատմամբ լուրջ և դասեր քաղելիք համակողմանի քննարկումներ և վերլուծական:

Հարկավոր է իշխանությոիւնների, քաղաքական ուժերի և հասարակության գործունեությանը տրված ռեալ գնահատականների արդյունքում՝ ներկայացնել Հայաստանի ու հայության մոտավոր և հեռավոր ապագայի տեսլականը և դրան հասնելու հնարավորություններն ու ազգային հավաքական ռեսուրսները», - ասված է համագումարի տարածած հաղորագրությունում:

Նշվում է, որ յուրաքանչյուր կենսունակ և ազատատենչ ժողովրդի համար անկախությունը ազատ և ինքնիշխան ապրելու գրավականներից ամենակարևորն է, իսկ անկախության գաղափարը՝ սկզբունքային և անքննադատելի: Այս առումով 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակած անկախությունը անկոպտելի ձեռքբերում է, ամենամեծ հաղթանակը՝ հայության համար:

«Անկախությունը ձեռք է բերվում պայքարի միջոցով, տառապանքների և մեծ ու անդառնալի զոհողությունների գնով, և հենց դրա համար էլ հարկ է զգալ, գիտակցել անկախության արժեքը:

Անկախության 25-ամյա ժամանակաշրջանում ունեցանք և ձեռքբերումներ և բացթողումներ:Ամենից մեծ և անուրանալի ձեռքբերումը անկախության սկզբնական տարիներում հերոսական պայքարի միջոցով Արցախի ազատագրումն է եղել և Հայոց բանակի ստեղծումը:

Ցանկալի է իհարկե խոսել միայն անկախության բերած բարիքներից և տոնական տրամադրություններից, սակայն ցավոք իրականությունն ստիպում է մեզ խոսել տարիների ընթացքում թույլ տրված թերություններից և բացթողումներից:

Ժողովրդի ազգային զգացումները չարաշահելով, ազգության ու ազգասիրության մասին ամենից շատ խոսել ու թմբկահարել են անցյալի ու ներկա իշխանությունները, սակայն հենց նրանք էլ կրում են այսօրվա ծանր իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը», - նշում է համագումարը՝ հավելելով.

«Բոլորս էլ ցանկանում ենք ունենալ ազատ, ինքնիշխան, զարգացած երկիր ուր հաշվի կնստեն մեզ հետ ոչ միայն մեր հարևան երկրները, այլ հեռու ու մոտ մեծ ու փոքր տերությունները: Հայը իրավամբ կհպարտանա իր հզոր հայրենիքով, կցանկանա ու կձգտի առաջին հերթին ապրել ու աշխատել իր հայրենիքում՝ իր ընտանիքի ու հարազատների ապագան կապելով նրա հետ:

Նման իդեալական երկիր կառուցելու համար հարկավոր է ամբողջ ժողովրդի և քաղաքական, հասարակական բոլոր ազնիվ ուժերի միասնական կամքը և ապագայի նկատմամբ հավատքը, ջանքերի ներդրումը, հավաքական ու համընդհանուր շահերի գերակայության գիտակցությունը, զոհաբերությունների և դժվարությունները հաղթահարելու ըմբռնումն ու պատրաստակամությունը, մշակութակերտման, ժողովրդադաստիարակության բովանդակալից, գիտակցված և շարունակակական ծրագրերով և գործունեությամբ...

Ժամանակ չունենք կորցնելու, կորցրել ենք արդեն 25 տարի, հարկավոր է աշխարհի ամբողջ հայության միասնական ջանքերով լծվել իսկական հայրենակերտման գործին»:

Եվրոպայի Հայերի Համագումարի կարծիքով, Հայաստանի Հանրապետության պայմաններում ամենանպաստավոր միջոցները առաջին հերթին օրինական եղանակներով նպատակներին հասնելու միջոցները և պայքարի եղանակներն են, այդ միջոցները դեռևս լիակատար և ճիշտ չեն օգտագործվել, ժողովրդի մոտ իշխանությունների կամայականություններին դիմակայելու և համակարգային փոփոխությունների հասնելու կուտակված էներգիան և պայքարի կամքը մսխվել, անէացել է քաղաքական ուժերի անճարակ և սխալ քայլերի հետևանքով, ժողովրդի համընդհանուր հասարակական գիտակցության մակարդակի զարգացման համար գրեթե ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվել:

«Եթե խոսում ենք նոր փուլից ևքաղաքական նոր մթնոլորտից ու նոր համակարգ ստեղծելու պահանջից, ապա հաջորդ տարվա մոտալուտ խորհրդարանական ընտրությունները քաղաքական և հասարակական կառույցներին տալիս են օրինական այդ հնարավորությունը, նախկինից դասեր քաղելով, ժողովրդին պատրաստել ջախջախելու իշխանությունների ընտրակեղծիքների ողջ մեքենան և հասնել իր նպատակներին:

Կոչ ենք անում առաջին հերթին մեր սփյուռքի մտավորականներին, մշակույթի և արվեստի գործիչներին, ազգային հասարակական ուժերին, գիտական և կրթական ասպարեզի մշակներին մտածել այս մասին և առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարելի է առարկայական և ազդու ներգործություն ունենալ հայրենիքի զարգացման և ժողովրդավարացման ընդհանուր գործին»:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

Կարդացեք նաև՝ Google-ը Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դուդլ է ստեղծել

Շնորհավորանքներ Պուտինից, Օբամայից, Օլանդից, Սի Ծինփինից. ՀՀ-ն կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---