ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Օբամայի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Օբամայի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձը: Օբամայի նամակը քննադատող հայտարարությունը հանձնախումբը տեղադրել է Facebook-ի իր էջում:

«Սպիտակ տունը հրապարակել է մեծահոգի, բայց մեծ մասամբ ընդհանրական նամակ՝ ուղղված Հայաստանի նախագահին: Դրական տեսանկյունից՝ նամակում նշվում է Երևանի «արձագանքը սիրիացի փախստականների ճգնաժամին և ներդրումը համաշխարհային խաղաղարար գործողություններում ու միջուկային անվտանգության հարցում»:

Նամակը նաև ուշագրավ է այն բանի համար, թե ինչ է այնտեղ բացթողնված, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակում չկա, մի հարց, որը նախագահն այդքան օգտագործում էր ամերիկահայերի ձայները 2008 թվականին ապահովելու համար, բայց որից նա հրաժարվեց ընտրվելուց անմիջապես հետո»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, գրում է Tert.am-ը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նամակը չի անդրադառնում նաև հայ-թուրքական արձանագրություններին:

«Նայելով հետ՝ պարզ է, որ նախագահը, ապահովելով Հայաստանի աջակցությունն այս անշրջահայացորեն թերի (և այժմ ակնհայտորեն ձախողված) համաձայնագրին իր առաջին ժամկետի առաջին ամիսներին, երբեք Անկարայի առջև պատասխանատվության հարց չդրեց Հայաստանի անօրինական շրջափակումը վերացնելու մասին համաձայնությունից հրաժարվելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Հայ դատի հանձնախումբը նշում է նաև, որ նամակում չի հիշատակվում նաև Արցախը, որն Ադրբեջանի ապրիլյան հարձակման համատեքստում կորցրած հնարավորություն է Բաքվի ագրեսիան դատապարտելու և խաղաղության պահպանման մասին պնդելու համար: «Լռությունը վտանգավոր ազդանշան է ուղարկում Ալիևի ռեժիմին»,- նշված է հաղորդագրությունում:

«Հետաքրքիր է, որ Օբամայի վարչակազմը մեկ այլ համատեքստում օգտագործել է «Մենք հավատարիմ ենք մնում նախորդ տարիների խոստմանը» բառերը, որոնք կարող են հեշտությամբ վերաբերել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր իսկ չիրականացված խոստմանը»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: «Մեծարգո՛ նախագահ, Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 1920թ-ից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը: Անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ամենալավն ու բարին Ձեզ և հայ ժողովրդին»,-ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Մյուս նախագահների շնորհավորանքների մասին կարող եք կարդալ այստեղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---