10:59 AMT
06:59 GMT
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատումը Տավուիշից սկսելու որոշման մասին, ասել է, որ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ՝ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին։ «Կա մի փոքր հատված Կիրանցի մասում, մի քանի 100 մետր, որը ռելիեֆային առումով հեշտ հատված է և մեր մասնագետները մի քանի ամսում էդ հատվածի հարցը կլուծեն»,–ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Նա հավելել է, որ բացի այդ այնտեղ ունենք ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, որը կվերանորոգվի կամ գուցե կվերակառուցվի, դա Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհն է։ «Ոսկեպարի ճանապարհը ևս խնդիր չի ունենա և ըստ էության բոլոր այն մտահոգությունները, որոնք ոսկեպարցիները բարձրացրել էին վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իշխանությունները, վարչապետն ականջալուր են եղել և դելիմիտացիայի հարցերի քննարկման արդյունքում էդ հատվածի դելիմիտացման հարցն առայժմ օրակարգում չէ»,- ասել է Հարությունյանը։ ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Ապրիլի լույս 20–ի գիշերը Տավուշում իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։