Աուտիզմով անձանց համար ՀՀ-ում ՏՀՏ առաջին դասընթացները կկազմակերպվեն

Աուտիզմով անձանց համար ՀՀ-ում ՏՀՏ առաջին դասընթացները կկազմակերպվեն

PanARMENIAN.Net - «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամն «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հետ համատեղ ներկայացնում են իրականացվող «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» նախագիծը, որը հնարավորություն է ընձեռնում աուտիզմ համախտանիշ ունեցող երիտասարդներին բացահայտել մասնագիտական նոր հնարավորությունը:

Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը նշել է, որ նախագծի նպատակն է Հայաստանում աուտիզմ համախտանիշ ունեցող անձանց համար առաջին անգամ կազմակերպել ՏՀՏ դասընթացներ, ապահովել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում և հետագայում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման գործընթացին, մասնավորապես Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում:

«Ընկերությունը դեռևս իր գործունեության սկզբից անդրադարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց զբաղվածության խնդրին: Այս պահին մենք մեր շարքերում ունենք նմանատիպ անձիք, ովքեր բավական հարմարավետ են զգում մեր ընկերությունում: Այս ծրագրի թիրախային խումբը 15-ից բարձր տարիք ունեցող անձիք են»-հայտնել է ընկերության փոխտնօերնը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն էլ հույս է հայտնել, որ ծրագրի կատարումը կդառնա օրինակ Հայաստանի ՏՏ և այլ ոլորտների համար՝ սահմանափակ կարողություններով անձանց համար մասնագիտական թրեյնինգներ անցկացնելու և աշխատանքով ապահովելու համար.

«ԱՄՆ-ում արդեն կան նման փորձեր և արդյունքները զարմանալի են: Մենք ուսումնասիրել ենք նրանց փորձը և հիմա այն պետք է փորձենք տեղափոխել Հայաստան: Վստահորեն կարող եմ ասել, որ այս ծրագիրը կհասցնենք ավարտին, բայց այն երկարատև ու մանրակրկիտ աշխատանք ու համբերություն է պահանջում»:

Հիմնադիր տնօրենը ընդգծել է նաև, որ այս ծրագրի մեկնարկից առաջ դիմել են ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ ստանալու նրա գործակցությունն ու հավանությունը. «Հաշվի առնելով տիկին Սարգսյանի մշտական ուշադրությունը սահմանափակ կարողություններով անձանց՝ մասնավորապես նրա ներդրումը «Աուտիզմ ազգային հիմնադրամի» ստեղծման և զարգացման գործում, մեկնարկից առաջ դիմեցինք մեր գործակցությանն օժանդակելու համար»:

Հանդիպմանը ներկա «Աուտիզմի ազգային հիմնադրամի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանն էլ ասել է, որ իրենց կենտրոնում գրանցված է աուտիզմ համախտանիշ ունեցող 135 երեխա և դեռահաս:

««Տեխնոլոգիաներն առանց սահմանների» ծրագրում պետք է ընդգրկվեն այն դեռահասները, որոնք համապատասխանում են այդ ծրագրին»,-հավելել է նա:

Աուտիզմն ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել։ Այդ փոփոխություններից են հենց Ռետտի համախտանիշը, ընդհանուր զարգացման կանոնավոր վիճակի փոփոխությունը, Ասպերգերի համախտանիշը և այլն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---