Ինչ անել անձրևոտ weekend-ին. «Համեղ» փառատոններ, ռոք, ջազ, Կոմիտաս և ֆիլմեր

Ինչ անել անձրևոտ weekend-ին. «Համեղ» փառատոններ, ռոք, ջազ, Կոմիտաս և ֆիլմեր

PanARMENIAN.Net - Կարծես, սկսվեց իսկական տերյանական աշունը. մռայլ երկինք, անձրև, բաճկոններով մարդիկ, մելանխոլիկ տրամադրություն:

PanARMENIAN.Net ը առաջարկում է մի քանի տարբերակ այս weekend-ի մելանխոլիային չտրվելու, անիմաստ չտխրելու և առավել հետաքրքիր ու ակտիվ զբաղմունք գտնելու համար: Այս անգամ մենք ժամանցի տարբերակներ ենք գտել թե՛ համեղ ուտելու, թե՛ պարելու, թե՛ ուրախանալու, թե՛ կրթվելու ու ֆիլմեր դիտելու սիրահարների համար:

«Համեղ» փառատոների weekend

Սեպտեմբերի 24-ին Ախթալայի սուրբ Մարիամ եկեղեցու բակում տեղի կունենա Խորովածի համահայկական փառատոնը: Այն կմեկնարկի առավոտյան ժամը 09:00-ին Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի մոտից: Օրվա ընթացքում մասնակիցները կլինեն ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրներում, Քոբայրի վանքում, իսկ այնուհետև կմեկնեն Ախթալայի ամրոց և վանական համալիր, որտեղ և կճաշակեն հայկական ավանդական խորովածը: Փառատոնի ծրագրում ներառված է համերգային ծրագիր, հանդիսատեսի համար նախատեսված մրցույթներ և այլն: Փառատոնը կավարտվի ժամը 23:00-ին: Մասնակցության արժեքը 6000 դրամ է, դրա մեջ ներառված են տրանսպորտի և գիդի ծառայությունները:

Սեպտեմբերի 25-ին կկայանա աշխարհի ամենամեծ գաթային համտեսը՝ Գաթայի փառատոնը, որը կկայանա Վայց Ձորի Խոչիկ գյուղում: Փառատոնին մասնակցելու երկու տարբերակ կա՝ տարբեր արժողությամբ երկու փաթեթ. Երևան - Խաչիկ - Երևան, որի արժեքը 3500 դրամ է և ներառում է միայն տրանսպորտի ծառայություն; տուր դեպի Խոր Վիրապ - Արենի - Խաչիկ – Նորավանք, որի արժեքը 5000 դրամ է և ներառում է տրանսպորտի ու գիդի ծառայությունները:

Սեպտեմբերի 25-ին Գյումրու Վարդանանց հրապարակին հարող Աբովյան փողոցում կանցկացվի Հացի փառատոն, որի ընթացքում նախատեսվում են հացարարման գործընթացի ցուցադրություններ. հանրապետության տարբեր քաղաքների հրուշակարանների և հացի արտադրամասերի վարպետներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց պատրաստած հացատեսակները: Միջոցառման շրջանակում հանդես կգան նաև թատերական և պարային խմբեր:

Քաղաքը ջազ, բլյուզ և Կոմիտաս է լսում

Երևանի ժամանցի վայրերում նկատվում է նոր տենդենց. ավելի հաճախ են դարձել ջազի երեկոները: Այս weekend-ը նույնպես ջազառատ է լինելու:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 25-ին ժամը 20:00-ին «Երաժշտության կասկադ» շարքի շրջանակներում տեղի կունենա Արմեն Հյուսնունց ջազ քառյակի ելույթը: Երեկոյի հյուրերը հնարավորություն կունենան ունկնդրելու սաքսաֆոն, բաս կիթառ, ստեղնաշարային և հարվածային գործիքներ: Երեկոն կավարտվի ժամը 23:00-ին, տոմսի արժեքն է 2000 դրամ:

«Մեցցո» ակումբում սեպտեմբերի 24-ին ժամը 21:00-ին բլյուզ և բլյուզ-ռոք կատարումներով հանդես կգա Սուրեն Առուստամյանը: Մուտքի արժեքը 2000-5000 դրամ է, միջոցառումը կշարունակվի մինչև կեսգիշեր:

Սեպտեմբերի 25-ին ջազի երեկո է սպասվում նաև Stop Club-ում, որի հատուկ հյուրն է լինելու Վահագն Հայրապետյան Ջազ Տրիոն: Երեկոն կսկսվի ժամը 21:00-ից, տոմսի արժեքը՝ 2000 - 3000 դրամ:

«Կամի» երաժշտական ակումբում սեպտեմբերի 24-ին նոր համերգային ծրագրով հանդես կգա Գոռ Սուջյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 5000 դրամ:

Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում կանցկացվի «Կոմիտասի գերմաներեն երգերը» գիտակրթական ծրագիր, որի մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու Կոմիտասի գերմաներեն երգեր և «Բեռլինյան Պատարագից» հատվածներ, երգելու՝ Կոմիտասի մշակած՝ միևնույն հոգևոր մեղեդու հայերեն և գերմաներեն տարբերակները, փորձելու՝ վերլուծել դրանց նմանություններն ու տարբերությունները: Կրթական ծրագրի մեկնարկը՝ ժամը 17:00-ից, մուտքն ազատ է: Իսկ սեպտեմբերի 25-ին նույն վայրում, բայց արդեն ժամը 19:00-ից հնարավորություն կլինի ունկնդրելու Կոմիտասի ստեղծագործությունները «Անհայտ և հայտնի» ծրագրի շրջանակներում: Հանդես կգան Լուսինե Ազարյանը (սոպրանո), Էդգար Խաչատրյանը (բարիտոն) և Արմեն Աղաջանյանը (դաշնամուր): Տոմսի արժեքն է 3000 դրամ:

Ռոքը Գյումրիում և Վանաձորում

Սեպտեմբերի 24-25-ը Գյումրիում կկայանա «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին,որն իրականացվում է «Գյումրու օր» ծրագրի շրջանակում: Առաջին անգամ Գյումրին կհյուրընկալի հայաստանյան և միջազգային մոտ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի:

Փառատոնի «Գալա» համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին ժամը 17:00-ին, Գյումրու «Սև Բերդ» ամրոցում: Համերգին կնախորդեն բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես կգան քաղաքի տարբեր հատվածներում:

Սեպտեմբերի 25-ին The Beautified Project ռոք խումբը համերգ կունենա Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի այգում: Խմբի հատուկ հյուրը կլինի Սոնա Ռուբենյանը: Նախքան The Beautified Project-ը ելույթ կունենան նաև Nemra, ԴՈԳՄԱ, Lousnelius, The Clocker խմբերն ու Մհեր Մանուկյանը: Կազմակերպիչները մեծ ռոք համերգ են խոստանում:

Համերգի սկիզբը՝ ժամը 18:00-ին, կազմակերպիչներն առաջարկում են նաև մատչելի գնով երթուղի (2000 դրամ) բոլոր ցանկացողներին Երևան- Վանաձոր-Երևան տեղափոխելու համար

Կինոսերների համար

Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Իսկ այս անձրևառատ weekend-ն էլ ավելի է տրամադորում տանը թեյով և փափուկ վերմակով փաթաթված՝ ֆիլմեր դիտելուն: Նրանց համար, ովքեր չեն ուզում տնից դուրս գալ, առաջարկում ենք դիտել PanARMENIAN.Net –ի կողմից ընտրված՝ Անկախության 25 տարիների ընթացքում ստեղծված լավագույն 5 հայկական ֆիլմը:

Իսկ առավել ակտիվ կինոսերներին առաջարկում ենք հանգստյան օրերին այցելել «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Բրիդջիթ Ջոնսի օրագիրը 3» (Bridget Jones's Baby), «Արագիլները» (Storks), «Հրաշք Հուդզոնի վրա» (Sully), «Սնոուդեն» (Snowden), «Ներվ» (Nerve), «Հիանալի յոթնյակը» (The Magnificent Seven), «Փեսացուն» (Жених), «Հածանավ» (USS Indianapolis: Men of Courage), «Կյանք ու կռիվ» (The Line), «3+2 կգ»:

Սեպտեմբերի 19-24-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվում է Արգենտինական ֆիլմերի V փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից: Ցավոք, փառատոնն ավարտվում է սեպտեմբերի 24-ին, սակայն այդ օրն էլ կունենաք հնարավորություն դիտելու ռեժիսոր Լիլիանա Ռոմերոյի կողմից նկարահանված «Արևադարձային անտառի հեքիաթներ» 76 րոպե տևողությամբ ֆիլմը՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Ֆիլմի ցուցադրությունը կսկսվի ժամը 16։00-ին, մուտքն ազատ է:

Շոփինգ

Ամառային զեղչերն ավարտվել են, սակայն շոփինգի սիրահարները դեռևս հնարավորություն ունեն օգտվել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող որոշ խանութ-սրահների վերջին՝ հավելյալ զեղչերից: Այսպես, Accessorize, New Look, New Yorker, Armani Exchange, Bossini, Celio, Promod, F&F, Women'secret, Aldo, Baldi խանութներում դեռ կարելի է ձեռք բերել զեղչված տեսականին, որոշ խանութներ առաջարկում են 70% և ավել զեղչ: ‬‬‬‬ Հավելենք նաև, որ բոլոր խանութ-սրահները համալրվել են աշնանային նոր տեսականիով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---