Եզդի զոհված զինվորների մասին կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանվել (վիդեո)

Եզդի զոհված զինվորների մասին կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանվել

PanARMENIAN.Net - «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Նախաձեռնության շրջանակներում առաջիկա օրերին լույս կտեսնի «Սահմանին կանգնած եզդի հերոսը» վերտառությամբ գրքույկը, որտեղ զետեղվել են հայոց բանակի չորս զինծառայողի՝ Սիդար Ալոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի, Քյարամ Սլոյանի կյանքի և հերոսական գործունեության մասին պատմություններ:

Գրքույկը երկլեզու է՝ եզդիերեն և հայերեն:

Զինծառայողներից երեքը՝ Համլետ Հաջոյանը, Բորիս Օզմանյանը և Քյարամ Սլոյանը, զոհվել են 2016թ. ապրիլին։

Ծրագրի շրջանակում զինծառայողների մասին նկարահանվել են նաև փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր:

Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանը նշում է, որ մարզային դպրոցներում, բուհերում, Երևանի՝ եզդիների կիրակնօրյա դպրոցում կկազմակերպվեն քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կդիտեն պատրաստված ֆիլմերը, կծանոթանան հերոսների կյանքին և կստանան գրքույկներ: Սմոյանը նկատում է, որ ծրագրով ցույց է տրվում, որ ՀՀ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդիները, իրենց հայ եղբայրների հետ պաշտպանում են սահմանները և հանուն երկրի խաղաղության իրենց կյանքն են զոհում:

Եզդի հերոսներից Սիդար Ալոյանի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---