Երաժշտական երկխոսություն. Կկայանա դուդուկահար Դաբաղյանի և շրթհարմոնահար Բիրքենի համերգը

Երաժշտական երկխոսություն. Կկայանա դուդուկահար Դաբաղյանի և շրթհարմոնահար Բիրքենի  համերգը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում համատեղ համերգով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենը:

Երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ:

Գևորգ Դաբաղյանը դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը՝ Հայաստանում և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Նրա կատարումները հնչել են Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլ կինոնկարներում:

Գևորգ Դաբաղյանը 1988-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման:

Սորեն Բիրքեն 2006-ին դուդուկի դասեր է անցել նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի դասարաններում: Շրթհարմոն սկսել է նվագել ինքնուրույն: Այնուհետև, հանդես է եկել որպես ռոք երաժիշտ: Ս. Բիրքեն ևս մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և համերգների՝ Հայաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լեհաստանում: 2007-ից մինչ օրս Բեռլինի երաժշտական հանձնաժողովի խորհրդի անդամ է: Երաժիշտը նաև 2016-ին ստեղծված CIB–Creativ Industries Berlin ընկերության համահիմնադիրն է:

Սեպտեմբերի 22-24-ը Սորեն Բիրքեն մասնակցում էր «Դուդուկի և հայկական ժողովրդական նվագարանների հայաստանյան փառատոնին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---