Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվել է` 6-րդ անգամ 2016-ի ընթացքում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվել է`  6-րդ անգամ  2016-ի ընթացքում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%:

2016թ. օգոստոսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:Հունիսի 28-ի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%: 2016-ի մայիսի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%: 2016թ. մարտի 29-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Դրանից առաջ ԿԲ-ն նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով փետրվարի 16-ին, սահմանելով այն 8.5%:

Սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը նշել է, որ 2016թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ 2015-ի նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -1.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաև սեպտեմբերին, որից հետո մինչև տարեվերջ այն զգալիորեն կմեղմվի:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016թ. առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով:

Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան: Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25 % և 5.25 %:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 7-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---