Նախագահը՝ Հանրայինում. «Մինչ հաղորդումների պատրաստումը կարևոր է խորհրդակցել մտավորականների հետ»

Նախագահը՝ Հանրայինում. «Մինչ հաղորդումների պատրաստումը  կարևոր է խորհրդակցել մտավորականների հետ»

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, սեպտեմբերի 27-ի երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:

Հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է վերջինիս, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր՝ ժողովրդական, դասական, ջազ և այլ ժանրերի երաժշտություն, և եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից:

Հանրապետության նախագահը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: Հանրության հետ փոխադարձ կապը, նախագահի համոզմամբ, անշուշտ, օգտակար կլինի:

Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են Հանրապետության նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները և ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին:

Նախագահ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

«Հանրային հեռուստաընկերության սիրելի՛ մասնագետներ կամ ինչպես տիկին Շլեպչյանն էր ասում տարիներ շարունակ՝ թանկագի՛ն բարեկամներ,

Իրոք, դուք թանկագին բարեկամներ եք, որովհետև արդեն 60 տարի դուք գալիս եք մեր տները, մտնում եք մեր բնակարանները, լցնում մեր երեկոները հետաքրքիր փաստերով, տեղեկացնում մեզ ու սովորեցնում գնահատել իրականությունը: Երկար տարիներ դուք մեզ հետ միասին կիսել եք մեր ուրախությունը ու, իհարկե, նաև ցավը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր գիտեն բնակարան մտնելու և խոսք ասելու արժեքը և դա անում են մեծ պատասխանատվությամբ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են եթերում երևացող մարդկանց ստեղծել լավ գործեր: Նոր եթերաշրջանը, առավել ևս հոբելյանական եթերաշրջանը, ծննդյան օրվա պես մի բան է: Այսօր տոն է, բայց այս տոնի ժամանակ էլ, տեսեք, տեսախցիկի ետևում մարդիկ աշխատում են: Մենք նոր տեսանք, թե մարդիկ ռեժիսորական վահանակի առջև ինչպես են աշխատում և շատ հաճախ այդ մարդկանց դեմքով էլ չենք ճանաչում»,- մասնավորապես ասել է նախագահը և ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ է, որ 60 տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն սկսեց հեռուստատեսությունը և կարճ ժամանակաընթացքում կարողացավ Խորհրդային Միության երկրներից ամենաշատ եթերաժամն ունենալ, ինչը պայմանավորված էր լավ մասնագետների առկայությամբ:

Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծի հարթակում մրցում են ռեստորանային այն երգիչները, որոնց կատարումները սովորաբար հնչում են ընտանեկան ու տոնական միջոցառումների ժամանակ:

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն առաջիններից էր, ով բավականին խիստ քննադատեց նախագիծը:

«Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: Պապյանին են միացել մի շարք արվեստի գործիչներ և մտավորականներ: Հաղորդման դեմ ստորագրահավաք է կազմակերպվել Change.org-ում:

Կարդացեք նաև՝ «Ռաբիս»երաժշտությունը՝ հանրային արժեք. Դե՞մ եք, թե՞ կողմ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---