Վարչապետ. Կառավարության նպատակն է, որ բիզնեսը «շնչի»

Վարչապետ. Կառավարության նպատակն է, որ բիզնեսը «շնչի»

PanARMENIAN.Net - Նոր կազմավորվող կառավարության նպատակն է, որ բիզնեսը «շնչի»: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

«Այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք, նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը, այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման և տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Սեպտեմբերի 24-ին Կարեն Կարապետյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր: Վարչապետը նշել էր, որ այս տեսանկյունից ՀԽ-ն այն խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---