Վրաց ազգայնականները Թբիլիսիի կենտրոնում հարձակվել են թուրքական օբյեկտների վրա

Վրաց ազգայնականները Թբիլիսիի կենտրոնում հարձակվել են թուրքական օբյեկտների վրա

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ձերբակալվել է վրաց ազգայնականների «Քարթուլի ձալա» (Վրացական ուժ) կազմակերպության 11 ակտիվիստ, որոնք հարձակվել են Աղմաշենեբելի պողոտայում գտնվող սրճարանների և խանութների վրա, հայտնել է ՆԳՆ-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ազգայնականների չարտոնված երթից մի քանի ժամ անց:

Ակտիվիստները «Հերոսների հրապարակից» շարժվել են դեպի մետրոյի Մարջանիշվիլու կայարան: Երբ նրանք հայտնվել են Աղմաշենեբելի պողոտայում, սկսել են վիրավորել անցորդներին, ֆայերներ նետել առևտրի օբյեկտների և սրճարանների վրա, ինչպես նաև փչացնել խանութների և ռեստորանների ցուցանակները:

Ըստ առկա տեղեկատվության, ազգայնականների հարձակման օբյեկտ են դարձել թուրքական ռեստորանները: Նրանք ներխուժել են հաստատություններ «Փառք ազգին` մահ թշնամուն» բացականչություններով:

Փողոցում ուժեղացված պարեկային ծառայություն է իրականացվում, այնտեղ են նաև քրեագետ փորձագետները, որոնք հարցում են անցկացնում թուրքական ռեստորանների աշխատակիցների շրջանում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Քրեական գործ է հարուցվել «նախնական դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն` հրազենի և որպես զենք օգտագործվող այլ առարկաների կիրառմամբ» հոդվածով, որով նախատեսվում է 4-7 տարվա ազատազրկում:

«Քարթուլի ձալան» առաջին անգամը չէ, որ նման ակցիաներ է կազմակերպում:

Ընթացիկ տարվա մայիսին 10 մարդ էր ներխուժել Թբիլիսիի «Կիվի» բուսակերների ռեստորան: Նրանք մսով և նրբերշիկով շամփուրներ էին տարել իրենց հետ և հրահրում էին այցելուներին: Լեզվակռիվը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի փողոցում, որին միացել էին նաև հարևան տների բնակիչները: Ըստ սրճարանի աշխատակիցների, հրահրողները «Քարթուլի ձալայի» անդամներն են եղել: Ավելի ուշ կազմակերպությունը հերքեց իր հասցեին հնչած մեղադրանքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---