Վարչապետը՝ գործարարներին. «Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»

Վարչապետը՝ գործարարներին. «Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) անդամներին:

Վարչապետը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները և միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար:

ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրել է միության անդամ գործարարների հետ քննարկման արդյունքում բարձրացված մի շարք հարցեր՝ ուղղված բիզնես միջավայրի և տնտեսական ներկայիս իրավիճակի դրական տեղաշարժերին: Այս առումով Ղազարյանը ողջունել է կառավարության՝ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ մասնավորապես, կարևորելով Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ինչն ավելի նպատակային ու հասցեական կդարձնի այդ գերատեսչության աշխատանքը:

Արձագանքելով Կարապետյանը նշել է, որ նախարարությունը լինելու է կամուրջ կառավարության ու գործարարների միջև և աջակցելու է բոլոր հարցերում. «Մենք հետևյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը:

Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին և անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ»:

Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»:

Կառավարության ղեկավարը, խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից, տեղեկացրել է, որ, օրինակ, դիտարկվում է որոշակի հարկային և էներգակիրների մատակարարման մասով արտոնություններ տրամադրելու հնարավորությունը՝ բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան: Այդ պայմանները մրցակցության առումով որևէ խնդիր չեն ստեղծի մյուսների համար և կնպաստեն երկրում ներդրումների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական զարգացման ռազմավարությանը, հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը, Հարկային օրենսգրքի նախագծին և հարակից այլ հարցեր: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և գործարար համայնքի հետ շարունակական համագործակցությունը՝ առաջարկելով արագ արձագանքել կառավարության նախաձեռնություններին և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ 5 նախարարության աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին՝ հանձնարարելով վերանայել օրենսդրական դաշտը, կառավարումը, հիմնադրամներ ներգրավել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---