ՀՀ-ում փոքր ֆերմերների համար հավելյալ աջակցության ծրագիր է մեկնարկել

ՀՀ-ում փոքր ֆերմերների համար հավելյալ աջակցության ծրագիր է մեկնարկել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրի շրջանակներում ներկայացվել են դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագիրը և հայտարարվել է հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված ֆերմերների և փոքր ֆերմերային խմբերի համար:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն ելույթում նշել է՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ:

Ավստրիայի զարգացման գործակալության և Եվրամիության օժանդակությամբ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը միտված է նպաստել մասնավորապես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների և ձեռնարկությունների զարգացմանը դրամաշնորհային ծրագրերի և տեխնիկական օժանդակության միջոցով: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև տեղական շուկայի զարգացումը և արտահանման հնարավորությունների ընդլայնումը:

«Հենց փոքր ֆերմերներն են օրգանական գյուղատնտեսության հիմնասյունը: Տրամադրելով առարկայական և տեխնիկական աջակցություն՝ մենք հույս ունենք, որ ավելի ու ավելի շատ ֆերմերներ կսկսեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ», - հավելել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու պարոն Ջոն Բարքերը:

Փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ծրագրում ներգրավված կլինեն փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ: Դիմումների վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 31-ը:

Դեռևս ամիսներ առաջ ծրագիրը ստացել էր 72 դրամաշնորհային հայտ, որոնցից լավագույն 18-ը հաստատվել են: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 800,000 եվրո: ՕԳԱՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այս ծրագրերը իրականացվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Համեղ օրգանական մեղրը, մրգերը, հատապտուղները, դեղաբույսերը, ձիթապտուղնու գինին կոգեշնչեն մյուսներին արտադրել օրգանական մթերք», - նշել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդորթերը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, որն, իր հերթին, հանդիսանում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) գործառնական միավորը: Ծրագրի նպատակն է զարգացնելու Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Ծրագիրը կնպաստի տեղական և միջազգային շուկաներումհայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը`բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:

ԵՄ օգնությունը Հայաստանին 1992թ-ից ի վեր կազմում է ավելի քան 500 մլն եվրո և տարիների ընթացքում ամենամյա այդ աջակցությունն աստիճանաբար աճում է: 2011թ-ից սկսած Հայաստանը Ավստրիայի զարգացման համագործակցության (ԱԶՀ) թիրախային երկրներից է, որի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---