ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը բարելավելու ծրագիր է մեկնարկել

ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը բարելավելու  ծրագիր է մեկնարկել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը սեպտեմբերի 30-ին համաձայնություն են ստորագրել, ըստ որի Ռուսաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ բարելավելու ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը: ՀՀ առողջապահության նախարարության համագործակցությամբ ծրագիրն իրականացվելու է 2017-2019թթ.-ին՝ նպատակ ունենալով երկրում նվազեցնել մանկական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը:

Նշվել է, որ Հայաստանը արդյունքների է հասել երեխաների առողջական վիճակը բարելավելու հարցում՝ 1990թ-ից կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը: Նորածնային մահացությունը կամ մահացությունը կյանքի առաջին 28 օրերի ընթացքում կազմում է մանկական մահերի 75 տոկոսը:

Մինչև մեկ տարեկանը մահացության ռիսկը բաշխված է անհավասարաչափ՝ նկատելիորեն բարձր լինելով ամենաաղքատ տնային տնտեսությունների, գյուղաբնակ և միայն տարրական կրթություն ստացած մայրերի երեխաների շրջանում:

Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նորածնային վերակենդանացման ծառայությունների և մանկական բուժօգնության բարելավման ուղղությամբ՝ բուժաշխատողներին զինելով անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով առ այն, թե ինչպես միջազգային չափորոշիչներին համապատասխան ավելի որակյալ նորածնային ծառայություններ մատուցել, ինչպես նաև՝ մատակարարելու է անհրաժեշտ սարքավորումներ: Գործընկերները նաև մշակելու են տնային այցերի միացյալ համակարգ առաջնային բուժօգնության մակարդակում, ինչը հնարավորություն կտա վաղ բացահայտել նորածինների մոտ առողջական և զարգացման խնդիրները և իրականացնել անհրաժեշտ միջամտություններ:

«Այս ծրագիրը տեխնիկական օգնության և փորձի փոխանակման համար ամուր գործընկերության հիմք կստեղծի Ռուսաստանում մասնագիտացված առողջապահական ծառայություններ մատուցողների հետ», նշել է Վոլինկինը:

«Ծրագրային միջամտությունները մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության՝ Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում ներառված առաջնայնություններին և 2016-2020թթ-ի Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ազգային ռազմավարությանը համահունչ», - նկատել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---