Հռոմի պապին Վրաստանում դիմավորել են «հոգևոր ագրեսիայի մեջ» մեղադրանքներով

Հռոմի պապին Վրաստանում դիմավորել են «հոգևոր ագրեսիայի մեջ» մեղադրանքներով

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը սեպտեմբերի 30-ին ժամանել է Թբիլիսի, դիմավորել են բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները պաստառներ էին պարզել անգլերեն և վրացերեն լեզուներով, որոնց վրա գրված էր` «Վատիկանը հոգևոր ագրեսոր է», «Հեռու մնա Վրաստանինց, հակաքրիստոս»: Նրանք կանգնել էին օդանավակայանից դեպի մայրաքաղաք տանող ավտոճանապարհի եզրերին, հայտնում է BBC-ին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին սկսել է եռօրյա այցը Վրաստան և Ադրբեջան: Հոկտեմբերի 1-ին Պապը պատարագ կմատուցի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Պատարագից հետո հետո Պապը կհանդիպի Վրաստանի կաթոլիկ քահանաների հետ:

Հոգևորականության որոշ ներկայացուցիչներ, որոնք սատարում էին ցուցարարներին, հայտարարել են, որ Պապը Վրաստան է ժամանել մարդկանց դավանափոխ անելու համար` ուղղափառությունից կաթոլիցիզմ, և որ նրա այցը Վատիկանի հոգևոր ագրեսիան է վրաց ուղղափառների դեմ:

Ավելի վաղ վրաց պատրիարքարանը հանդես էր եկել հայտարարությամբ` անընդունելի համարելով ՎՈւԵ որոշ հոգևորականների բացասական հայտարարությունները Պապի հասցեին` նշելով, որ Պապը Վրաստան է ժամանում նախագահի և պատրիարքի հրավերով:

«Վրաստանի պատրիարքարանը հարգանքով է ողջունում հյուրին և հուսով է, որ նրա այցը կնպաստի բազմակողմ հարաբերությունների խորացմանն ու խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,-ասվում է ՎՈւԵ հայտարարության մեջ:

Ասվում է նաև, որ անշուշտ կան դավանաբանական տարբերություններ կաթոլիկ եկեղեցու հետ, իսկ ուղղափառները չեն մասնակցում կաթոլիկների ժամերգություններին:

«Բնականաբար, Պապը պատարգ է մատուցում կաթոլիկների համար, դա չի կարելի է դավանափոխ անելու ձգտում որակել, ինչպես կարծում են ոմանք»,-հայտարարել է ՎՈւԵ պատրիարքարանը:

Հռոմի պապի այցը Հայաստան ավելի վաղ է կայացել` հունիսին: Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

Ընթերցեք նաև. Ինչպես կհիշվի Պապի այցը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---