5 հոկտեմբերի 2016 - 11:29 AMT
ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել է ՌԴ հայտարարությունը Սիրիայում դեսպանատան գնդակոծման վերաբերյալ

ԱՄՆ պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է ՌԴ հայտարարությունը Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծման վերաբերյալ:

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը ականակոծվել է ականանետերից ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ֆայլաք ար Ռահման» խմբավորումների կողմից վերահսկվող թաղամասից: Հոկտեմբերի 4-ին Մոսկվան առաջարկել էր ԱԽ-ին դատապարտել զինյալների գրոհը դիվանագիտական ներկայացուցչության վրա, որն ականակոծվել էր:

Ինչպես հայտնել են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում, Մոսկվան ԱԽ քննարկման է ներկայացրել ստանդարտ փաստաթուղթ, որն ընդունվում է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման ժամանակ: Սակայն հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ամերիկյան կողմի մոտ, որը փորձել է «կողմնակի տարրեր» ներառել տեքստում, ասել են դիվանագետները:

«Ամերիկացիներին են սատարել անգլիացիներն ու ուկրաինացիները: Դա հաստատում է, որ նրանք անհարգալից են վերաբերվում Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»,-ասվում է մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ականներից մեկը պայթել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան տարածքում, ևս երկու ական պայթել է շենքի հարևանությամբ: ԱԳՆ-ում շեշտել են, որ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դիվանագիտական ներկայացուցչությանը նյութական վնաս է հասցվել:

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայի գծով ՌԴ հետ երկկողմ համագործակցության կասեցման մասին: Պետդեպարտամենտը նման որոշման պատճառ է համարել Սիրիայում հրադադարի գծով ՌԴ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելը: Մոսկվան դրանում տեսնում է «սատանայի հետ գործարքի գնալու» Վաշինգտոնի պատրաստակամությունը` Սիրիայում իշխանափոխության հասնելու համար