Տիգրան Թորոսյանը ցավակցություններ է հայտնել Գոհար Գասպարյանի հարազատներին եւ նրա տաղանդի երկրպագուներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը ցավակցություններ է հայտնել աշխարհահռչակ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի հարազատներին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Տ. Թորոսյանի ցավակցականում, մասնավորապես, ասվում է. «Խորը ցավով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանի մահվան մասին:



Տասնամյակներ շարունակ «Հայաստանի սոխակի» ժողովրդական անվանն արժանացած երգչուհին իր անկրկնելի ձայնով փառք է բերել հայ երգարվեստին` լինելով լավագույն կատարողը թե եվրոպացի, թե հայ կոմպոզիտորների օպերաների ու վոկալ ստեղծագործությունների:



Գոհար Գասպարյանի անվան հետ են կապված հայ երաժշտարվեստի արդեն դասական դարձած ձեռքբերումները: Իր ստեղծագործությամբ նա ապացուցեց մարդկային ձայնի կատարելության սահմաններ չունենալու իրողությունը` պարզ ու սրտահույզ վերարտադրելով ու իր բազմահազար ունկնդիրներին հասու դարձնելով երաժշտության անպարագիծ աշխարհին:



Մեծ բեմից հեռանալուց հետո նա երկար տարիներ աշխատեց Երեւանի կոնսերվատորիայում` իր անկրկնելի արվեստի գաղտնիքները փոխանցելով երիտասարդներին, որ շարունակեցին հայ երաժշտարվեստը հայ եւ համաշխարհային բեմերում ներկայացնելու առաքելությունը:



Իմ ցավակցություններն եմ հայտնում Գոհար Գասպարյանի հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին` հավատացած լինելով, որ Գոհար Գասպարյանի մահվան ծանր վիշտը փոխհատուցված կլինի նրա արվեստի անանցության փաստով»:



Հիշեցնենք, որ Գոհար Գասպարյանը իր մահկանացուն կնքեց կյանքի 83-րդ տարում: Հայտնի է, որ երգչուհին, որը մի քանի տարի առաջ ինսուլտ էր տարել , վերջին շրջանում գտնվում էր Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---