6 հոկտեմբերի 2016 - 11:53 AMT
Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունը որոշում է.

Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է որոշման տեքստում:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզպետ նշանակել Վահե Հակոբյանին, սակայն նախագիծը կքննարկվի ՀՀ նախագահի կողմից Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ Կառավարության որոշումը հաստատելուց հետո, գրում է Tert.am-ը:

Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2004-ին:2013-ի հունիսի 1-ի երեկոյան նրա` Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970-ին ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971-ին ծնված Արտակ Բուդաղյանը և 1975-ին ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Արդեն հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները.

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

3 օր անց նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:

2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած ՀՀ կառավարության ընդունված որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը մոտ 1 տարի 4 ամիս տևած ընդմիջումից հետո վերանշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում: Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որից հետո նշանակվել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

Կարդացեք նաև՝Նախագահ. Այս Կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին