ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում ստեղծված նախընտրական իրավիճակով

ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում ստեղծված նախընտրական իրավիճակով

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման փաստով: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Գլխավոր մրցակիցներն են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»:

«ՆԱՏՕ-ն մտահոգված է բռնության փաստերով, որոնք տեղ են գտել ընտրարշավում, պայթեցվել է ընդդիմադիր պատգամավորի մեքենան: Նախընտրական շրջանը պետք է անցնի հանգիստ վիճակում, ըստ ժողովրդավարության բարձր սկզբունքների»,-գրել է Ափաթուրայն իր ֆեյսբուքյան էջում:

Հոկտեմբերի 5-ին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները հանրահավք և երթ են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում` սատարելով նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Ելույթ են ունեցել նրա կողմնակիցները, իսկ Սահակաշվիլին դիմել է հավաքվածներին տեսակամուրջի միջոցով:

Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցվել է հոկտեմբերի 4-ին երեկոյան՝ երկրում խորհրդարանական ընտրություններից չորս օր առաջ։ Նրա մեքենան պայթեցվել է հենց Թբիլիսիի կենտրոնում: Պատգամավորը և նրա վարորդը պայթյունի ժամանակ եղել են մեքենայում, բայց ծանր վնասվածքներ չեն ստացել։ Փոխարենը երեք անցորդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վրաստանում գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սա արդեն երկրորդ նույնաբնույթ դեպքն է. կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Գորիի շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախկին նախարար, պատգամավորի անկախ թեկնածու Իրակլի Օկրուաշվիլիի ուղղությամբ անհայտ անձը հրազենային կրակ էր արձակել, ինչի հետևանքով վիրավորվել էին նախկին նախարարի թիկնապահը և մեկ ակտիվիստ։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները կարողացել էին անմիջապես ձերբակալել կասկածյալին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---