Վանաձորում լրագրողի լիազորությունները խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքով քրգործ է հարուցվել

Վանաձորում լրագրողի լիազորությունները խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և գույքը վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Արարատնյուզ»-ի ներկայացուցչի լիազորություններ իրականացրած Շողիկ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 02.10.2016թ. ընտրությունների ժամանակ՝ թիվ 30/47 տեղամասի մոտ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ ժամը 13:00-ի սահմաններում, քաղաքացի Մ. Ա.-ն հարձակվել է իր վրա, խլել իր բջջային հեռախոսը և գետնին հարվածելով կոտրել է այն, որի հետևանքով իրեն պատճառվել է 200.000 դրամի գույքային վնաս, իսկ ճանկռվածքների տեսքով՝ ֆիզիկական վնաս, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքում քաղաքացի Մ. Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր կույր և հաշմանդամ պապին ուղեկցել է ընտրատեղամաս, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչ Շ. Գալստյանը մոտեցել է պապին ու անընդհատ հարցեր է տվել: Ինքը զգուշացրել է հանգիստ թողնել հիվանդ, տարեց անձին, սակայն լրագրողը շարունակել է հարցեր տալով ընտրատեղամասից իրենց ուղեկցել մինչև բնակության վայր: Այնուհետև մոտ 1 ժամ անց ինքը դուրս է եկել տանից խանութ գնալու նպատակով, և երբ լրագրողը կրկին սկսել է իրեն բջջային հեռախոսով նկարահանելով ուղեկցել, ինքը պահանջել է հանգիստ թողնել, հայտնել է, որ այրի է, հիվանդ երեխա ունի, իսկ Շ. Գալստյանը արհամարհական ծիծաղել է ու շարունակել նկարել:

Ինքը զայրույթից վերցրել է նրա բջջային հեռախոսն ու գցել գետնին:

Ընտրական հանձնաժողովի՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և ուրիշի զգալի չափերի արժողությամբ գույքը վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 18 հաղորդում խախտումների մասին, հոկտեմբերի 2-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

Շիրակի մարզից ստացվել է 6,Լոռու մարզից՝ 5, Գեղարքունիքի մարզից՝ 4, Կոտայքի մարզից՝ 3 հաղորդում: ԶԼՄ-ներից ստացվել է 5, հանձնաժողովի անդամներից՝ 2, քաղաքացիներից՝ 9, ոստիկանության ծառայողներից՝ 2 հաղորդում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---