ՀՀ ԶՈւ խաղաղապահները կշարունակեն Աֆղանստանում ծառայությունը 2016-ից հետո

ՀՀ ԶՈւ խաղաղապահները կշարունակեն Աֆղանստանում ծառայությունը 2016-ից հետո

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն բարգավաճման և խաղաղության» խորագրով Աֆղանստանին նվիրված համաժողովը, որը կազմակերպել էր Եվրոպական միությունը՝ Աֆղանստանի կառավարության հետ համատեղ:

Համաժողովի նպատակն էր ևս մեկ անգամ վերահաստատել միջազգային հանրության աներկբա աջակցությունն Աֆղանստանին՝ երկրում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական զարգացման ու լայնածավալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Ի թիվս ութ տասնյակ երկրների ԱԳ նախարարների, բարձրաստիճան պատվիրակների, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարների և միջազգային կառույցների ղեկավարների՝ համաժողովին մասնակցում էին նաև ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ու կառավարության ղեկավար Աբդուլլա Աբդուլլան:

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն իր կարողությունների չափով, գործընկերների հետ միասին, աջակցել է ու շարունակելու է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության, խաղաղության ու օրենքի գերակայության հաստատմանը: Այդ իսկ նպատակով էր, որ մեր երկիրը 2010թ. միացավ միջազգային կոալիցիային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Փոխնախարար Նազարյանը համաժողովին վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ պահպանել իր մասնակցությունը «Վճռական աջակցություն առաքելությանը» ներկայիս մակարդակով, ու հավելել, որ Հայաստանը կողմնակից է բուն աֆղանացիների կողմից առաջնորդվող Աֆղանստանի խաղաղության Համապարփակ գործընթացին՝ ուղղված երկրում կայունության, բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության հաստատմանը:

Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---